ՀՀ ՊՎԾ-ն 2022 թվականին նախաձեռնել է 77 քրեական վարույթ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 25, 24News

ՊՎԾ.jpg

2022 թվականին պետական կառավարման համակարգի մարմիններում, նրանց ենթակա կազմակերպություններում, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում ՀՀ Պետական Վերահսկողական Ծառայության կողմից արձանագրված խախտումների, բացթողումների վերացման ուղղությամբ այդ մարմիններին ներկայացվել են համապատասխան առաջարկներ, իսկ առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող փաստերը փոխանցվել են իրավապահ մարմիններին՝ իրավական գնահատական տալու և լուծելու համար։

Հարկ է նկատել, որ 2022 թվականին, ՀՀ Պետական Վերահսկողական Ծառայության կողմից օրենքով իրեն վերապահված վերահսկողական լիազորությունների իրացման արդյունքներով նախաձեռնվել է 77 քրեական վարույթ, որից 33-ը՝ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից։

Գնումների ընթացակարգերի խտրականության կանխարգելման նպատակով ՊՎԾ Գնումների գործընթացների վերահսկողության վարչությունն իրականացրել է 3100 գնման ընթացակարգի վերլուծություն, որի շրջանակում պատասխանատուներին ուղարկվել են վերահսկողության արդյունքներից բխող 168 գնման գործընթացի տեխնիկական բնութագրի փոփոխության առաջարկություն: Դրանց արդյունքում, 162 դեպքով իրականացվել է գնման գործընթացի հրավերներում ներառված տեխնիկական բնութագրերի փոփոխություն, 3 դեպքով գնման ընթացակարգը չեղյալ է հայտարարվել, 1 դեպքով հիմնավորվել է նշված տեխնիկական բնութագրի համապատասխանությունը պատվիրատուի կարիքին և 2 դեպքով ժամկետների հետ կապված առկա չի եղել հնարավորություն փոփոխություն կատարելու, սակայն պատվիրատուի կողմից հրապարակվել է լրացուցիչ պարզաբանում:

Գնման ընթացակարգի 25 վերլուծական տեղեկանքով արձանագրված անհամապատասխանությունների վերաբերյալ իրականացվել են վերահսկողական գործառույթներ:

 

Ծառայության ամենօրյա մշադիտարկման ներքո են Կառավարության որոշումները, ինչպես նաև վարչապետի որոշումների և հանձնարարականների կատարումը, իսկ ստացված արդյունքներն ամենօրյա ռեժիմով ներկայացվում են Ծառայության ղեկավարին, ապա նաեւ՝ ըստ կարեւորության, զեկուցվում ՀՀ վարչապետին։

Ծառայությունն այս պահին հետևողականորեն շարունակում է իր վերահսկողական լիազորությունների իրականացումը տարբեր ոլորտներում:

Մասնավորապես, ընթացքի մեջ է մոտ 80 վերահսկողական գործընթաց։

Վերահսկողական գործողություններ են իրականացվում Առողջապահության նախարարությունում, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ռազմարդյունաբերության կոմիտեում, Պաշտպանության նախարարությունում, Առողջապահության նախարարության Պետական առողջապահական գործակալությունում, նաև հանդիպակաց ուսումնասիրություն է իրականացվում պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմանններով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող մի շարք խոշորագույն բժշկական հաստատություններում («Նորք Մարաշ» ԲԿ, Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոն), մարզպետարանններում, տեղական ինքնակառավարման մարմիններում, «Ջրառ», «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն», «Հայփոստ», «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերություններում և այլ մարմիններում, այդ թվում՝ գործարքի կողմ հանդիսացող անձանց մոտ։

Ծառայությունը գործարքի մյուս կողմի մոտ հանդիպակաց ուսումնասիրություններ իրականացնում է բացառապես այն դեպքերում, երբ վերահսկվող օբյեկտի մոտ ուսումնասիրության շրջանակներում Ծառայությանն անհրաժեշտ տեղեկություններն ամբողջական չեն ու առանց հանդիպակաց ուսումնասիրություն կատարելու հնարավոր չէ գնահատել ուսումնասիրվող գործարքը:

Նկատենք, որ քաղաքացիներից ստացվել է 407 դիմում։ Քաղաքացիների կողմից ստացված հանրագրերի հիման վրա Ծառայության կողմից իրականացված վերահսկողական գործողությունների արդյունքում հայտնաբերված առերևույթ խախտումներին իրավական գնահատական և ընթացք տալու համար, ՀՀ Դատախազության ուղարկված նյութերի հիման վրա` 2022 թվականին նախաձեռնվել է հինգ քրեական վարույթ։

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը հետևողականորեն իրականացնում է իրեն վերապահված լիազորությունները՝ բացահայտելու և բացառելու պետական միջոցների անարդյունավետ կառավարումը, ինչպես նաև ՀՀ օրենսդրության հնարավոր խախտումները՝ ապահովելով ՀՀ վարչապետի վերահսկողական լիազորությունների իրականացումը։

--00--ԱՀ