Բաքուն սխալ հաշվարկ է արել՝ միջանցքը փակելով, պարզերես դուրս գալու համար ուզում է զիջումներ կորզել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 25, 24News

ԵՄ դիտորդների ներկայությունը կարող է խնդիր ստեղծել Ադրբեջանի սադրանքների համար, պետք չէ գերագնահատել և նվազեցնել նրանց ներկայությունը, ամեն դեպքում, նրանց ներկայությունը հսկողություն ու տեղեկատվություն կտա աշխարհին, թե ինչ է կատարվում հայ-ադրբեջանական սահմանում: Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասաց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: 

Անդրադառնալով այն հայտարարություններին, որ Հայաստանը ուզում է փոխել իր քաղաքական վեկտորը, Իսկանդարյանը նշեց, որ դա մեկ ամսվա, տարվա հարց չէ և իրատեսական չէ.

«Լուրջ չէ մտածել, որ ռուս խաղաղապահներին գալու են փոխարինել Նորվեգիայի կամ Արգենտինայի խաղաղապահները, մի անվտանգային համակարգից դուրս գալու և մյուսի մեջ մտնելու համար պետք է համաձայնություն լինի Եվրամիության, թե ԱՄՆ-ի կողմից: Բացի այդ, Հայաստանին ոչ մեկ նման առաջարկ չի արել»:

Խոսելով Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակից Իսկանդարյանը նշեց, որ Ալիևի հետ հեռախոսազրույցները, կոչերը բավարար չեն, մինչև միջանցքը փակելը Ադրբեջանը գիտեր, որ իրեն զանգելու էին, կոչեր էին անելու միջանցքը բացելու համար, պետք է սանկցիաներ կիրառվի նրանց նկատմամբ:

«Լաչինի միջանցքը փակելով` Ադրբեջանը սխալ հաշվարկ կամ քաղաքական որոշում է կայացրել, իրենք չէին պատկերացնում, որ այս ընթացքում կարգավիճակի հարցը աշխարհում կքննարկվի և հիմա պարզերես դուրս գալու համար ուզում է գոնե զիջումներ կորզել, որ իր հասարակությանը արդյունք ցույց տա»,- նկատեց քաղաքագետը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հերմինե Միքայելյան

--00--ԱՀ