Բաքվի պլանն է մի քանի օրով բացել միջանցքն ակնկալիքով, որ հայերը զանգվածաբար կլքեն տները. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 26, 24News

«ԼՂ-ի համար կյանքի ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, որը սահմանվել է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ, և որի անխափան գործունեության գրավոր երաշխիքներ են տվել Ադրբեջանն ու Ռուսաստանը, փակ է արդեն 46 օր: Արդեն 46 օր ԼՂ բնականոն կյանքը խաթարված է, հումանիտար ճգնաժամը  ծավալվում է ամբողջ թափով»։ Կառավարության նիստի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հիշեցնելով, որ ԼՂ-ում էլեկտրական հոսանքի հովհարային անջատումներ են, որովհետև Ադրբեջանը խափանել է նաև ԼՂ-ն հոսանքով ապահովող գծերի աշխատանքը, բնակչությանը հոսանք  մատակարարվում է միայն տեղի էլեկտրական հզորությունների հաշվին, ինչը բավարար չէ:

«Մեր ունեցած տեղեկությունների համաձայն՝ Բաքվի պլանը հետևյալն է՝ ԼՂ-ում տնտեսական, հոգեբանական ճնշումը հասցնել ինչ-որ մի կուլմինացիոն կետի, դրանից հետո մի քանի օրով բացել միջանցքը ակնկալիքով, որ ԼՂ հայերը զանգվածաբար կլքեն իրենց տները: Կրկին փակել միջանցքը և հետո մի քանի օրով բացել, և այսպես այնքան ժամանակ, մինչև վերջին հայը կլքի  Լեռնային Ղարաբաղը: Սա, իհարկե, էթնիկ զտման բացահայտ քաղաքականություն է:

Եթե մինչ այս միջազգային հանրությունը թերահավատությամբ էր վերաբերվում ԼՂ-ի հայությանը էթնիկ զտումների ենթարկելու վերաբերյալ մեր ահազանգերին, հիմա արդեն տեսնում ենք, որ այս ընկալումը դանդաղ, բայց հաստատուն քայլերով միջազգային  հանրության շրջանում ավելի է ուժեղանում:

Կարծում եմ՝ այս առումով դեր ունեցավ նաև հունվարի 17-ին  խաղաղապահների ուղեկցությամբ ԼՂ վերադարձող երեխաներին՝ ադրբեջանցի դիմակավորված «բնապահպանական ակտիվիստների» կողմից ահաբեկելու տեսանյութը, որը հենց իրենք՝ ադրբեջանցիներն էին տարածել, և որը աշխարհում լայնորեն տարածվեց»,-հայտարարել է վարչապետը:

--00—ԼՄ