Սիմոնյանը հանդիպել է Կատարի ֆուտբոլի ասոցիացիայի նախագահին․ Հայաստան-Կատար ընկերական խաղ կանցկացվի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 26, 24News

327735645_1418669838947123_6303749574574993715_n

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Կատարի ֆուտբոլի ասոցիացիայի նախագահ Շեյխ Համադ բին Խալիֆա բին Ահմադ Ալ-Թանիին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԺ ֆեյսբուքյան էջից։

Հանդիպումը նախաձեռնած Կատարի ֆուտբոլի ասոցիացիայի նախագահը ներկայացրել է մեկ ամիս առաջ Դոհայում կայացած ֆուտբոլի աշխարհի առաջնությունից անմիջապես հետո իրականացվելիք ծրագրերը:

ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ աշխարհի խաղերի կազմակերպումը մեծ մարտահրավեր է Կատարի համար, ինչը պատվով ընդունեց երկիրը: Ալեն Սիմոնյանը տեղեկացրել է, որ Հայաստանում եւս ֆուտբոլն ամենադիտարժան եւ ամենատարածված մարզաձեւն է, եւ ենթակառուցվածքի զարգացման, ներդրումների խնդիր կա:

Հանդիպմանը Կատարի ֆուտբոլի ասոցիացիայի նախագահին է փոխանցվել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանի առաջարկը՝ առաջիկայում Հայաստան-Կատար ազգային հավաքականների ընկերական խաղ անցկացնել:

Առաջարկը սիրով ընդունվել է:

--00—ՅՄ