ԲԴԽ որոշմամբ՝ Վճռաբեկ դատարանի դատավոր Սուրեն Անտոնյանի լիազորությունները դադարեցվեցին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 26, 24News

327167475_1268014303780725_8653785893034819425_n

Բարձրագույն դատական խորհրդի կողմից բավարարվել է Արդարադատության նախարարի միջնորդությունը՝ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Սուրեն Անտոնյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ: Դատավորի լիազորություններն էական կարգապահական խախտման հիմքով դադարեցվել են:

Կարգապահական վարույթ հարուցվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Ամիրխանյանն ընդդեմ Հայաստանի գործով 03.12.2015 թվականին կայացված վճռի ուսումնասիրության արդյունքում: Նշված վճռով ՄԻԵԴ-ն արձանագրել է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի տարր հանդիսացող իրավական որոշակիության սկզբունքի և Կոնվենցիային կից թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածով ամրագրված սեփականության իրավունքի խախտումներ:

ՄԻԵԴ-ը փաստել է, որ Վճռաբեկ դատարանը (մասնակցությամբ դատավոր Սուրեն Անտոնյանի), խնդրո առարկա գործով պարզապես կայացրել է նոր որոշում, ընդ որում, առանց որևէ իրավական հիմքի: Եվրոպական դատարանը նման եզրահանգման է եկել այն բանի համար, որ չնայած Վճռաբեկ դատարանը 12.04.2007 թվականին որոշում է կայացրել կողմի ներկայացրած վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին՝ բողոքը վարույթ ընդունելու հիմքերի բացակայության պատճառաբանությամբ, այնուամենայնիվ, նույն գործով նույն կողմի վերստին՝ շուրջ 6 ամիս անց ներկայացված վճռաբեկ բողոքի հիման վրա դատարանն արդեն մեկ այլ՝ 01.10.2007 թվականի որոշմամբ, վարույթ է ընդունել բողոքը և բեկանել Քաղաքացիական վերաքննիչ դատարանի դատական ակտը:

--00—ՅՄ