Մենք օր-օրի խորացող հումանիտար ճգնաժամի ականատեսն ենք դառնում. ԱՄՆ սենատորը՝ Արցախի մասին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 2, 24News

962efa34-3d2f-46dd-b6e3-206cc2fc8463.jpg

Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանը մասնակցել է ԱՄՆ Կոլումբիայի համալսարանի Խաղաղության հաստատման և մարդու իրավունքների ինստիտուտի կողմից կազմակերպված առցանց վեբինարին, որն անցկացվել է «Հայոց երկրորդ ցեղասպանության կանխարգելում. Ադրբեջանը փակում է Լաչինի միջանցքը և Արցախը զրկում կենսական պայմաններից՝ ձգտելով հայաթափել այն» խորագրի ներքո: Այս մասին հաղորդում է Արցախի պետնախարարի գրասենյակը:

Փետրվարի 1-ի երեկոյան կայացած քննարկմանը մասնակցել են նաև Ամերիկայի հայկական համագումարի համանախագահ Վան Գրիգորյանը և ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Քրիս Վան Հոլենը:

Միջոցառումը վարել է Խաղաղության հաստատման և մարդու իրավունքների ծրագրի տնօրեն Դեյվիդ Ֆիլիփսը: Սենատոր Քրիս Վան Հոլենն իր խոսքում նշել է, որ ականատեսն ենք լինում Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության հերթական դրվագին: «50 օրից ավելի է՝ Ադրբեջանը Արցախի ժողովրդին շրջափակման մեջ է պահում՝ զրկելով նրանց սննդից, դեղորայքից և ամենօրյա անհրաժեշտության այլ ապրանքների մատակարարումից: Շրջափակվածների թվում են 30000 երեխաներ, 20000 տարեցներ և 9000 հաշմանդամություն ունեցող մարդիկ: Մենք օր-օրի խորացող հումանիտար ճգնաժամի ականատեսն ենք դառնում: Մենք չենք կարող չբարձրաձայնել այս չարամիտ գործողությունների մասին», - նշել է նա:
--00—ԶՀ