Փաշինյանը հրաժարվեց ՀԱՊԿ-ի հետ համատեղ զորավարժությունից, որ Ադրբեջանին չջղայնացնի

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 2, 24News

Իշխանությունն իր ուսապարկերով ֆորմալ և ոչ ֆորմալ ձևով փորձում է տարածել այն թեզը, որ Ռուսաստանն է պատասխանատուն Լաչինի միջանցքի փակման համար, բայց միանշանակ է, որ Ադրբեջանն է մեղավոր: Ինչո՞ւ Արարատ Միրզոյանը չմասնակցեց Ռուսաստանում նախատեսված հանդիպմանը, եթե ագրեսիա իրականացնողը և միջնորդը նույն վայրում են, ինչո՞ւ չեն գնում, այս ամենն անհեռատես, անարդյունք արտաքին քաղաքականության իրականացման հետևանք է: Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասաց Աժ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը:

Անդրադառնալով երկու տարով ԵՄ դիտորդների՝ Հայաստանում տեղակայմանը՝ Մամիջանյանը նկատեց, որ բոլոր այն երկրների ղեկավարները, ովքեր սեփական երկիրը դարձրել են ուժային կենտրոնների բախման կետ և այլ երկրներ են հրավիրել իրենց պետության տարածքում հարցեր պարզելու համար, անփառունակ ավարտ են ունենում կամ շարունակում են ունենալ:

«Հայաստանի, Արցախի նկատմամբ միջազգային ուշադրությունը շատ ողջունելի է, բայց երկու ամսով եկած նախորդ ԵՄ առաքելության ժամանակ սահմանին հրադադարի ռեժիմը 15 անգամ խախտվել է և ոչ մի տեղ չի արձանագրվել, նախորդ առաքելությունը նաև հրադադարի ռեժիմի մշտադիտարկման հնարավորություն ուներ, հիմա չի ներկայացվում, թե ի՞նչ գործառույթներ են իրենք ունենալու: Իսկ ԵՄ դիտորդների մասին Ռուսաստանի ԱԳՆ-ի բավական կոշտ հայտարարությունից պարզ է դառնում, որ ՀՀ կառավարությունը տնային աշխատանքը չի կատարել, ստրատեգիական դաշնակից Ռուսաստանին չի կարողացել կոմունիկացնել այդ գործընթացին, չի ներկայացրել իր որոշման մասին»,- ավելացրեց Մամիջանյանը:

Անդրադառնալով ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի առաջարկին, թե ՀԱՊԿ-ը պատրաստ է օգնել Հայաստանին և Ադրբեջանին Կովկասում իրավիճակը կայունացնելու ուղիներ գտնելու հարցում, խմբակցության ղեկավարը նշեց. «ՀԱՊԿ նախկին քարտուղար Ստանիսլավ Զասը նշել է, որ պատրաստ են սպառազինություն ուղարկել Հայաստան, բայց Փաշինյանը հրաժարվել է ՀԱՊԿ-ի հետ համատեղ զորավարժությունից և սպառազինության աջակցությունից, որ Ադրբեջանին չջղայնացնի»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հերմինե Միքայելյան

--00—ԱՊ