Ինչպե՞ս է նախատեսվում կարգավորել աշխատողների արձակուրդի իրավունքի իրացմանը վերաբերող խնդիրները

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 4, 24News

Capture

ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացնում է․

«Չնայած նրան, որ գործող կարգավորումների համաձայն աշխատողները պետք է օգտվեն իրենց ամենամյա արձակուրդի իրավունքից 18 ամսվա ընթացքում` սկսած այն աշխատանքային տարվա վերջից, որի համար աշխատողին չի հատկացվել արձակուրդը, այնուամենայնիվ, լինում են դեպքեր, երբ աշխատողն այդ ժամկետում չի օգտվում արձակուրդի իրավունքից։

Նախագծի ընդունման պարագայում հնարավորինս կստեղծվեն պայմաններ, որպեսզի աշխատողն օգտվի հանգստի իրավունքից, այսինքն արձակուրդ գնա։

Մասնավորապես, նախատեսվում է այն դեպքում, երբ աշխատողը խուսափի կամ հրաժարվի իրեն հասանելիք ամենամյա արձակուրդի կամ դրա մի մասի տրամադրումից՝ չներկայացնելով ամենամյա արձակուրդ տրամադրելու մասին դիմում, ապա գործատուն արձակուրդ կտրամադրի առանց աշխատողի դիմումի։

Միաժամանակ առաջարկվում է գործատուի կողմից աշխատողին տուժանք (ժամկետից հետո կետանցված յուրաքանչյուր օրվա համար՝ աշխատողի միջին ամսական աշխատավարձի 0,15%-ի չափով, բայց ոչ ավելի քան միջին ամսական աշխատավարձը) վճարելու պահանջ այն դեպքերի համար, երբ գործատուն աշխատողին շուրջ երկուսուկես տարի չտրամադրի արձակուրդ»:

--00—ՅՄ