Ծեծկռտուք և խուլիգանություն՝ Երևանի կենտրոնում. բերման ենթարկվածներից մեկը «Շմայս»-ի 22-ամյա որդին է

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 5, 24News

befunky_collage_2023_02_05t163135_215.thumb_.jpg

Այսօր՝ փետրվարի 5-ին, խմբակային ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։40-ի սահմանում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Կենտրոնական բաժին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Վարդանանց փողոցում գործող հայտնի «Ռոյալ» ակումբի մոտ վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունենում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված հասցե են ժամանում Ոստիկանության Կենտորոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, ինչպես նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության հատուկ նշանակության գումարտակի՝ ժողովրդին հայտնի «կարմիր բերետները»։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները։ Նշված ակումբի մոտից խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և Ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխվել մի խումբ երիտասարդներ։ 

Գ. Շամշյանի տեղեկություններով, այդ երիտասարդներն են Երևանի բնակիչներ՝ 20-ամյա Միխայիլ Մանուկյանը, 32-ամյա Արարատ Մարտիրոսյանը, Վայոց Ձորի մարզի բնակիչ՝ 32-ամյա Տիգրան Գևորգյանը, Արմավիրի մարզի բնակիչներ՝ 22-ամյա Դավիթ Մովսիսյանը և 23-ամյա Ազատ Վարդանյանը։ Վերջիներս կասկածվում են նշված հասցեում առաջացած վիճաբանության ժամանակ հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելու համար. հայհոյանքներ են հնչեցրել միմյանց և փոխադարձ հարվածներ հասցրել։

Նշված անձինք նախապատրասված նյութերով Ոստիկանության կենտրոնական բաժնից ներկայացվել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։ 

Գ. Շամշյանի տեղեկություններով, կռվի մասնակիցներից Դ. Մովսիսյանը Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Շմայս» մականվամբ Առաքել Մովսիսյանի տղան է։ 

--00—ԶՀ