Երկրաշարժի հետևանքով Թուրքիայում 2 հայ է զոհվել, փլատակների տակ դեռ մարդիկ կան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 6, 24News

4

Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկարշարժի հետևանքով հայկական համայնքից զոհեր և վիրավորներ կան, սակայն դեռ հստակ տվյակներ առկա չեն, մեկ-մեկ են տեղեկություններ լինում։ Այս մասին 24News-ին ասաց պոլսահայ լրագրող, Թուրքիայում տպագրվող «Ակոս» պարբերականի հայերեն բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանը։

«Հաթայի մարզի Վաքըֆլըն հայաբնակ գյուղում մարդկային զոհ չկա, բայց ուրիշ տեղերում կան։ Օրինակ՝ Իսքենդերունի մեջ, Ադիամանի Քահթա գավառում հայկական ընտանիքից տղամարդ է մահացել։ Մեկ-մեկ ենք լսում մահվան դեպքերի մասին, մի քանի զոհվածներ կան, բայց հայտնի չէ թիվը։ Մալաթիայի մեջ էլ 1 զոհ կա։ Փլատակների տակ դեռ մարդիկ կան, չգիտենք՝ ինչ վիճակում դուրս կբերվեն»,- նշեց Էստուկյանը։

Պոլսահայ գործիչը հավելեց նաև, որ քաղաքապետարանները, պետական հաստատությունները փրկարար աշխտանքներ են իրականացնում։ «Առաջին հերթին մարդկանց են դուրս բերում փլատակների տակից, հետո վրաններ են մատակարարում, որպեսզի անօթևանները պատսպարվեն։ Եղանակն էլ անպատեհ է, ձյուն է, ցուրտ է։ Ցուրտն էլ ավելի է ճնշում»,- եզրափակեց «Ակոսի» խմբագիրը։

Սերգեյ Առաքելյան

--00—ԱՊ