Արցախի ԱԺ-ն դատապարտել է ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանի վտանգավոր վարքագիծը․ հայտարարություն

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 6, 24News

քկ

Արցախի խորհրդարանի խմբակցությունները հայտարարություն են տարածել՝ դատապարտելոեվ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, գործարար Գուրգեն Արսենյանի վարքագիծը։

«Վերջին շրջանում Հայաստանի Հանրապետության պաշտոնական խոսույթում, մասնավորապես՝ Ազգային ժողովի որոշ պատգամավորների ելույթներում  հաճախ են հնչում հայտարարություններ, որոնք կասկածի տակ են դնում Արցախյան ազգային-ազատագրական պայքարի նշանակությունը և Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, պառակտում մտցնում ազգի ներսում:

Նմանատիպ հայտարարությամբ վերջերս հանդես է եկել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը:

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի  բոլոր խմբակցությունները, խստորեն դատապարտելով նման վտանգավոր վարքագիծը, համոզմունք են հայտնում, որ այդօրինակ արտահայտությունները ոչ միայն չեն բխում հայ ժողովրդի շահերից, այլև ջուր են լցնում թուրք- ադրբեջանական տանդեմի ջրաղացին:

Ակնկալում ենք ՀՀ Ազգային ժողովում ներկայացված խմբակցությունների պաշտոնական արձագանքը:

Հետագայում  նման անպատասխանատու հայտարարությունները բացառելու նպատակով՝ կոչ ենք անում հարցը քննարկել էթիկայի հանձնաժողովում:

Համոզված ենք, որ հայկական երկու հանրապետությունների առջև ծառացած մարտահրավերներին կարող ենք  դիմակայել միայն Հայաստան- Արցախ- Սփյուռք եռամիասնությամբ:

«Ազատ Հայրենիք – ՔՄԴ» խմբակցություն

«Միասնական հայրենիք» խմբակցություն

«Արդարություն» խմբակցություն

«Հայ հեղափոխական դաշնակցություն» խմբակցություն

«Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցություն

ք. Ստեփանակերտ»

--00—ԼՄ