Երկրաշարժը կազդի էրդողանի քարոզարշավի վրա, այն Թուրքիայի տնտեսության համար մեծ հարված էր

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 6, 24News

Ակնհայտ է, որ տնտեսական խնդիրների մեջ գտնվող Թուրքիայի համար երկրաշարժը մեծ հարված էր, այն կարող է ազդել քարոզարշավի բնույթի վրա, զոհերի թիվը 1000-ից ավելի է և բնականոն քարոզարշավ իրականացնելը դժվար է: Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասաց ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը:

Մելքոնյանի խոսքով, երկրաշարժի հետևանքով պատմական հայաբնակ տարածքներ, եկեղեցիներ, հուշարձաններ և բերդեր են վնասվել, երբ շոկը անցնի, հնարավոր է մշակութային օջախների վերականգնման փուլ սկսվի և հայկական հուշարձանները ևս ընդգրկվեն վերանորոգման ցուցակներում Թուրքիայի տոլեռանդությունը ևս մեկ անգամ ապացուցելու և քարոզչություն իրականացնելու համար։ 

Անդրադառնալով մայիսի 14-ին Թուրքիայում սպասվող ընտրություններին՝ թուրքագետը նշեց, որ քարոզարշավի մոտենալուն զուգընթաց իշխող ուժի կողմից հակաարևմտյան բացահայտ վիրավորանքները մեծ թափ են ստանում, քանի որ որոշ ընդդիմադիր լիդերներ Արևմուտքի հետ ջերմ հարաբերություններ ունեն և Արևմուտքը փորձում է ընդդիմությանը բացահայտ աջակցել:

«Այս ընտրությունը էրդողանի համար իր կարիերայի ամենակարևոր քաղաքական ճակատամարտն է, նա իր գործունեության պիկին է հասել: Թուրքիայի Հանրապետության հիմնադրման 100 ամյակն է, բայց կարևոր է ոչ միայն թվային սիմվոլիկան, այլ նաև` Թուրքիան փոխում է իր նկարագիրը: Այս ընտրություններով պետք է ամրագրվի, որ 2002 թվականից իշխող Էրդողանն ինքն է Թուրքիայի պետության ոճի հեղինակը, սա էրդողանական Թուրքիա է, ոչ թե Քեմալ Աթաթուրքի ստեղծած, և իր նպատակին հասնելու համար Էրդողանը կգնա ցանկացած քայլի»,- նկատեց Մելքոնյանը: Մանրամասները՝ տեսանյութում: Հերմինե Միքայելյան

Հերմինե Միքայելյան

--00—ԱՊ