Թուրքիայում ևս մեկ հայ է զոհվել, փլատակների տակ էլի հայեր կան. Գոչունյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 8, 24News

photo_2023-02-08_14-32-17

Թուրքիայում ավերիչ երկրաշարժից հետո երեկ ևս 1 հայի զոհվելու մասին է հայտնի դարձել։ Այս մասին 24News-ին ասաց Կ.Պոլսում հրատարակվող «Ժամանակ» օրաթերթի խմբագիր Արա Գոչունյանը:

«Երեկ պատրիարքարանում տեղեկություն ստացանք, որ փլատակների տակ կան նաև ուրիշ հայեր, որոնցից մեկը, ըստ տեղեկությունների, մահացել է։ Բայց կոնկրետ իմանում ենք, որ այս պահի դրությամբ թուրքահայ համայնքից առնվազն 4 հոգի զոհված է»,- ասաց պոլսահայ գործիչը։

Նա ասաց, որ Մալաթիայի քաղաքում երկրաշարժի առաջին օրն ամուսիններ էին մահացել, հետո՝ նրանց անչափահաս զավակը, Իսքենդերուն քաղաքում 1 հոգի է զոհվել։ Գոչունյանը նշեց, որ կոնկրետ թվեր չկան, թե քանի հայ է անհետ կորած։

Ըստ «Ժամանակի» խմբագրի՝ Թուրքիայի կառավարությունը փորձում է հասցնել բնակչությանն ապահովել սննդով, ջրով, ժամանակավոր կացարաններով։

Սերգեյ Առաքելյան

--00—ՅՄ