Խորվաթիայի ԱԳՆ պատվիրակությունն այցելել է Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 8, 24News

Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Խորվաթիայի ԱԳ նախարար Գորդան Գրլիչ Ռադմանի գլխավորած պատվիրակությունը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանի ուղեկցությամբ, փետրվարի 7-ին այցելել է Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է նախարարության տարածած հաղորդագրությունից, Թումոյի զարգացման գծով տնօրեն Բեկոր Փափազյանի ուղեկցությամբ նրանք շրջայց են կատարել կենտրոնի դասընթացների սենյակներ, աշխատարաններ, երաժշտական ստուդիա և կինոթատրոն։

Հյուրերը ծանոթացել են Թումո կենտրոնի հնարավորություններին, ստեղծված պայմաններին, գործունեությանն ու ծրագրերին, ունկնդրել են Թումոյի ուսանողական երաժշտական խմբի ստեղծագործությունները:

Հաջորդիվ կայացած քննարկման ընթացքում նախարարները և պատվիրակության անդամները կարևորել են կրթական կենտրոնի գործունեությունը, նշել, որ այն կարող է ուրույն դերակատարություն ունենալ Հայաստանի և Խորվաթիայի միջև կրթական և տեխնոլոգիական ոլորտում համագործակցության, ինչպես նաև երկու երկրների երիտասարդության և ապագա սերունդների միջև կապերի ամրապնդման գործում:

Հանդիպման ավարտին Խորվաթիայի ԱԳ նախարար Գորդան Գրլիչ Ռադմանն ընդգծել է, որ շատ տպավորված է կենտրոնի գործունեությամբ և նշել, որ մոտ ապագայում կարելի է դիտարկել Գյումրի և Դուբրովնիկ գործընկեր քաղաքների տեխնոլոգիական կենտրոնների միջև համագործակցության հնարավորությունը:

--00—ԶՀ