Նիկոլ Փաշինյանն ու Խորվաթիայի ԱԳ նախարարը կարևորել են ՀՀ-ում ԵՄ առաքելության գործունեությունը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 8, 24News

34613_b

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Խորվաթիայի արտաքին գործերի նախարար Գորդան Գրլիչ Ռադմանի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի պաշտոնական կայքից։

Վարչապետը ողջունել է պարոն Ռադմանի այցը և վստահություն հայտնել, որ այն կնպաստի երկու երկրների միջև տարբեր ոլորտներում հարաբերությունների զարգացմանն ու ընդլայնմանը:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ հայ-խորվաթական կապերն ունեն առաջընթացի մեծ ներուժ և ընդգծել երկու կառավարությունների ակտիվ փոխգործակցության անհրաժեշտությունը:

Վարչապետը կարևորել է Խորվաթիայի հետ համագործակցության խորացումը նաև որպես ԵՄ անդամ պետություն և նշել Հայաստանում ժողովրդավարության զարգացման ուղղությամբ ԵՄ-ի հետ արդյունավետ համագործակցության փաստը:

Խորվաթիայի արտաքին գործերի նախարարը նշել է, որ ՀՀ ԱԳ նախարարի հետ ունեցել են արդյունավետ բանակցություններ և քննարկել երկկողմ քաղաքական ու տնտեսական համագործակցության զարգացման հեռանկարները:

Գորդան Գրլիչ Ռադմանը հավելել է, որ իրենք շահագրգիռ են տնտեսության տարբեր ճյուղերում կապերի զարգացմամբ, այդ թվում՝ զբոսաշրջության, բարձր տեխնոլոգիաների ոլորտներում:

Պարոն Ռադմանի խոսքով՝ Հայաստանը մեծ առաջընթաց է գրանցել ժողովրդավարության ամրապնդման գործում և բարեփոխումների առաջմղման ուղղությամբ ևս պատրաստ են սերտորեն համագործակցել ՀՀ կառավարության հետ:

Կողմերը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներիմ շուրջ:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամի հաղթահարման ուղղությամբ իրականացվող քայլերին:

Վարչապետը նաև ընդգծել է Ադրբեջանի կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության հերթական խախտման փաստը և շեշտել դրան միջազգային հանրության ուշադրության ու համարժեք արձագանքի կարևորությունը: Այս առումով, կարևորվել են Եվրոպական խորհրդարանում տեղի ունեցած քննարկումներն ու Լաչինի միջանցքը ապաշրջափակելու վերաբերյալ ներկայացված հստակ պահանջները:

Տարածաշրևջանում խաղաղության և կայունության ամրապնդման գործում երկուստեք կարևորվել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեությունը:

--00—ՅՄ