ՀՀ-ն իր պարտավորությունները ճշգրիտ կատարել է, ԵԱՏՄ շրջանակում չվերացված սահմանափակում չունենք

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 8, 24News

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, որ Հայաստանը ԵԱՏՄ շրջանակում իր պարտավորությունները ճշգրիտ կատարել է, չվերացված սահմանափակում չունի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանն այս մասին ասաց ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին՝ անդրադառնալով ՔՊ խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանի հարցին:

«ԵԱՏՄ շրջանակներում ի սկզբանե եղել է և շարունակում է մնալ արձանագրում՝ ԵԱՏՄ երկրներում գոյություն ունեցող արգելքների և սահմանափակումների մասին: Խոսքն այն երևույթների մասին է, որ որոշ պայմաններում երկրների օրենսդրություններում կան դրույթներ, որոնք հակասում են ԵԱՏՄ իրավապայմանագրային բազային կամ տառին ու ոգուն: Եվ, իհարկե, ԵԱՏՄ մարմիններն աշխատում են այդ արգելքները վերացնելու ուղղությամբ»,-ասաց Փաշինյանը:

Վարչապետը վստահեցրեց, որ Հայաստանն իր բոլոր պարտավորությունները ճշգրիտ կատարել է:

«Մենք մեր պարտավորությունները ճշգրիտ կատարել ենք և այսօր ԵԱՏՄ շրջանակում չվերացված սահմանափակում չունենք: Այն, ինչ պլանավորվում էր 2022 թվականին իրականացնել, իրականացրել ենք»,-ասաց Փաշինյանը՝ արդյունավետ աշխատանքի համար շնորհակալություն հայտնելով ԱԺ-ին և գլխադասային հանձնաժողովին: Նրա խոսքով՝ կան թեմաներ, որոնք շարունակում են բանակցությունների սեղանին լինել ԵԱՏՄ շրջանակում: Եվ դրանցից մեկը գազի միասնական շուկայի ձևավորման մասին է:

Վարչապետի խոսքով՝ այդ ուղղությամբ հսկայական աշխատանք է կատարվել, բաց կան նրբություններ, որոնք դեռ հասցեագրման և լուծման կարիք ունեն:

«Կարծես թե կա ըմբռնում, որ մենք պետք է շարունակենք քննարկումները՝ մինչև այդ հարցերի լուծումը»,-նշեց Փաշինյանը:

--00—ԱՊ