Արցախցի տնտեսավարողներին միանվագ դրամաշնորհ տրամադրելու համար դիմումների ընդունումը մեկնարկել է

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 9, 24News

փող

🔹ԱՀ պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ մեկնարկել է Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության շրջափակման սոցիալ-տնտեսական հետևանքների մեղմացման առաջին միջոցառման շրջանակում մասնավոր հատվածի աջակցության ենթակա ոլորտներում գործունեություն իրականացնող տնտեսավարողներին միանվագ դրամաշնորհի տրամադրման նպատակով դիմումների ընդունումը:

🔹Միանվագ դրամաշնորհից կարող են օգտվել Արցախի Հանրապետությունում 2022 թվականի դեկտեմբերի 12-ի դրությամբ աջակցության ենթակա ոլորտներում գործունեություն իրականացնող այն տնտեսավարողները, որոնց կողմից՝

✔️2022 թվականի դեկտեմբեր և 2023 թվականի հունվար ամիսների համար հարկային մարմին ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական ամփոփ հաշվարկներով հայտարարագրված աշխատողների թվաքանակը (հաշվի չառնելով 2022 թվականի նոյեմբերի 30-ից հետո աշխատանքի ընդունված աշխատողների թվաքանակը) կազմում է 2022 թվականի նոյեմբեր ամսվա համար հարկային մարմին ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական ամփոփ հաշվարկով հայտարարագրված աշխատողների թվաքանակի առնվազն 92.5 տոկոսը (աշխատողների թվաքանակը կլորացվում է դեպի ներքև),

✔️հարկային մարմին ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական ամփոփ հաշվարկներով 2022 թվականի դեկտեմբեր և 2023 թվականի հունվար ամիսների համար վճարված (վճարման ենթակա) աշխատավարձի ու դրան հավասարեցված եկամուտների և  քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակում ստացվող եկամուտների (այսուհետ՝ եկամուտ) մեծությունն ըստ ամիսների կազմում է հարկային մարմին ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական ամփոփ հաշվարկով 2022 թվականի նոյեմբեր ամսվա համար վճարված (վճարման ենթակա) եկամուտների մեծության առնվազն երկու երրորդը,

✔️աշխատանքային և (կամ) քաղաքացիաիրավական պայմանագրերով աշխատողներին  ամբողջությամբ վճարվել են հարկային մարմին ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական ամփոփ հաշվարկով 2023 թվականի հունվար ամսվա համար հաշվարկված եկամուտները,

✔️ամբողջությամբ վճարվել են հարկային մարմին ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական ամփոփ հաշվարկով 2023 թվականի հունվար ամսվա համար հաշվարկված հարկերի ու սոցիալական վճարների գումարները:

🔹Միանվագ դրամաշնորհը տրամադրվում է յուրաքանչյուր աշխատողի հաշվարկով 136 000 ՀՀ դրամի, իսկ 2023 թվականի հունվար ամսվա եկամուտների մեծությունը այդ չափից պակաս լինելու դեպքում՝ եկամուտների փաստացի մեծության չափով:

🔹Միանվագ դրամաշնորհ ստանալու նպատակով տնտեսավարողները http://dimum.tax.nk.am/ պաշտոնական կայքում տեղադրված ձևանմուշով էլեկտրոնային եղանակով ներկայացնում են դիմում՝ կցելով վճարային տեղեկագիրը, անկանխիկ վճարումների դեպքում՝ նաև բանկ ներկայացված վճարման հանձնարարագիրը: 

Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է սույն թվականի փետրվարի 28-ը:

Մանրամասն տեղեկություններին կարող եք ծանոթանալ http://dimum.tax.nk.am/ կայքում:
--00—ԼՄ