Հարկավոր է վերջ դնել Լաչինի միջանցքի արգելափակմանը, ինչը հազարավոր մարդկանց կյանքեր է վտանգում

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 9, 24News

a1267092-15fc-4507-a2c1-21823ca93a21.jpg

Լաչինի միջանցքի շարունակվող շրջափակումը վտանգում է Լեռնային Ղարաբաղի հազարավոր մարդկանց կյանքը, այսօր հայտարարել է Amnesty International-ը: Իրավապաշտպան կազմակերպությունը «կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին և ռուս խաղաղապահներին անհապաղ ապաշրջափակել երթուղին և վերջ դնել ծավալվող հումանիտար ճգնաժամին»։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Amensty International-ի հրապարակած հայտարարությունը:

Կազմակերպությունը հարցազրույցներ է անցկացրել տարածաշրջանի բուժաշխատողների և բնակիչների հետ՝ բացահայտելով շրջափակման առանձնահատուկ ծանր ազդեցությունը ռիսկային խմբերի, այդ թվում՝ կանանց, տարեցների և հաշմանդամություն ունեցող անձանց վրա:

«Շրջափակումը հանգեցրել է սննդի և բժշկական պարագաների խիստ պակասի, քանի որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ռուս խաղաղապահների կողմից տրամադրվող մարդասիրական օգնությունը բավարար չէ պահանջարկը բավարարելու համար: Էլեկտրաէներգիայի, բնական գազի և փոխադրամիջոցների վառելիքի մատակարարման խափանումները ծայրահեղ դժվարություններ են առաջացնում հատկապես այն խմբերի համար, որոնք խոցելի են: Սա պետք է դադարի հիմա», - ասել է Amnesty International-ի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով բաժնի տնօրեն Մարի Ստրաթերզը:

«Ադրբեջանի իշխանությունները վերահսկողություն են իրականացնում այն տարածքի նկատմամբ, որտեղից իրականացվում է շրջափակումը։ Ադրբեջանի պարտավորությունն է ապահովել, որ Լեռնային Ղարաբաղի բնակչությանը չզրկվի սննդամթերքի և այլ առաջին անհրաժեշտության ապրանքների և դեղորայքի հասանելիությունից: Իր հերթին, ռուսական խաղաղապահ առաքելությանը մանդատ է տրված՝ ապահովել Լաչինի միջանցքի անվտանգությունը։ Այդուհանդերձ, երկու կողմերն էլ ակնհայտորեն չեն կատարում իրենց պարտավորությունները», - հավելել է Մարի Ստրաթերսը։

Amnesty International-ի հրապարակած հոդվածն անդրադառնում է Արցախում գրեթե երկու ամիս տիրող ծանր իրավիճակին. տարածաշրջան մտնող փոխադրամիջոցների թիվը կրճատվել է օրական 1200-ից մինչև 5-6-ի:

Իրավապաշտպան կազմակերպությունը զրուցել է Ստեփանակերտի հիվանդանոցի սրտաբան Վարդան Լալայանի, նյարդաբան Բիայնա Սուխուդյանի հետ, որոնք ներկայացրել են դեղամիջոցների և բժշկական անհրաժեշտ պարագաների պակասի պատճառով հիվանդների համար ստեղծված ծանր վիճակը:

Amnesty International-ը զրուցել է նաև Արցախի բնակիչների հետ: Համաձայն այդ հարցազրույցների՝ սննդի, մասնավորապես՝ մրգերի և բանջարեղենի պակասի պատճառով կանանց և երեխաների շրջանում զգալիորեն ավելացել են իմունոդեֆիցիտի, սակավարյունության, վահանաձև գեղձի հիվանդությունների, դիաբետի վատթարացման դեպքերը: Հղի կանանց մոտ նույնպես բարդացումներ են առաջացել, ավելացել են հղիության ընդհատման կամ վաղ ծննդաբերության դեպքերը:

Իրավապաշտպան կազմակերպությունը նաև ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ խախտվել է կրթության իրավունքը, քանի որ ջեռուցման և էլեկտրաէներգիայի անջատումների պատճառով դպրոցները և մանկապարտեզները ժամանակավորապես փակ են եղել:

«Արդեն շրջափակման իններորդ շաբաթն է, բոլոր հայացքներն ուղղված են Ադրբեջանի իշխանություններին և ռուս խաղաղապահներին: Կոչ ենք անում երկու կողմերին՝ մարդու իրավունքների միջազգային չափանիշներին համապատասխան անհապաղ ձեռնարկել արդյունավետ միջոցներ՝ անհետաձգելի կերպով դադարեցնելու Լաչինի միջանցքի շրջափակումը և վերջ դնելու ծավալվող հումանիտար ճգնաժամին», - նշել է Մարի Ստրաթերսը։ 

--00—ԶՀ