Նախատեսվում է անհայտ կորած զինվորների ընտանիքներին աջակցության ժամկետը երկարաձգել փետրվարը ներառյալ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 9, 24News

pn-i-koghmic-anhayt-korac-hama-n200835-1

Անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունն ապահովելու նպատակով կառավարությունը փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշման մեջ:

Ըստ այդմ՝  նախատեսվում է անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին աջակցության տրամադրման ժամկետը երկարաձգել մինչև 2023թ. փետրվար ամիսը ներառյալ:

Զինծառայողի ընտանիքին տրամադրվող սոցիալական աջակցության ամսական չափը կազմում է 300.000 դրամ, որը տրամադրվում է միջոցառումը հաստատելու ամսվանից, սակայն ոչ ավելի, քան մինչև անհայտ կորած զինծառայողին դատական կարգով անհայտ բացակայող ճանաչելը:

Փետրվարի 6-ի  դրությամբ դեռևս անհայտ բացակայող ճանաչելու մասին դատական ակտեր չունեցող թվով 59 անհայտ կորած համարվող զինծառայողների ընտանիքների աջակցության տրամադրումը դադարեցվել էր 2023թ. հունվարի 1-ից:

Մեկ այլ որոշմամբ էլ կապահովվի՝ 2020 թ. սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ սկսված պատերազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական անհայտ կորածների (ինչպես նաև գերեվարվածների) ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունը:

Հիմնավորման համաձայն՝  մինչ այսօր կան քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորածներ, որոնց ընտանիքներն ունեն շարունակական աջակցության կարիք: Ըստ այդմ՝ անհայտ կորածի  ընտանիքները ևս 2 ամիս կստանան սոցիալական աջակցություն ՝ամսական 300.000 դրամի չափով, որի համար դիմում կարող են ներկայացնել մինչև 2023 թվականի մարտի 10-ը:

Կառավարությունը փոփոխություն է կատարել նախկինում ընդունած որոշման մեջ՝ զինծառայողների հիփոթեքային վարկավորման ծրագրի շրջանակում 2022թ. համար ծրագրին մասնակցելու իրավունք ստացած զինծառայողների կողմից այդ իրավունքը իրացնելու հնարավորություն ստեղծելու համար: 2022թ. սեպտեմբերին տեղի ունեցած մարտական գործողությունների և իրադրության լարվածության ու դրանից ելնելով այլ գործընթացների կապակցությամբ զինծառայողների մեծ մասը չեն կարողացել իրենց ընձեռնած բնակելի անշարժ գույք գնելու իրավունքն իրացնել:

Ըստ այդմ՝ հիփոթեքային վարկավորման ծրագրից օգտվելու ժամկետը երկարաձգվում է մինչև 2023 թվականի մարտի 31-ը ներառյալ:

--00—ՅՄ