Փաստաբաններին ու անչափահասներին ծեծի ենթարկելու դեպքին պետք է հաջորդի քննություն.«Թաթոյան» հիմնադրամ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 10, 24News

թաթոյան

«Թաթոյան» հիմնադրամը հայտարարություն է տարածել այսօր Ոստիկանության բաժնում փաստաբաններին ու անչափահասներին ոստիկանների կողմից ծեծի ենթարկելու դեպքի փաստով․

«Այսօր Փաստաբանների պալատը հայտարարություն է տարածել այն մասին, որ 2023 թ.  փետրվարի 9-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության Էրեբունու բաժնում ոստիկանության մի խումբ ծառայողներ շարունակական բռնություն են գործադրել իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնող փաստաբաններ Մարզպետ Ավագյանի և Էմանուել Անանյանի նկատմամբ: Ըստ հայտարարության՝ ոստիկանության ծառայողները տևական ժամանակ ոտքերով և ձեռքերով հարվածել են փաստաբաններին:

Ոստիկանության կողմից բռնությունն առհասարակ քրեորեն պատժելի արարք է: Մասնագիտական գործունեություն իրականացնող փաստաբանի նկատմամբ բռնությունն այն էլ ոստիկանության բաժնում բացարձակ անընդունելի է ոչ միայն այն պատճառով, որ քրեորեն պատժելի արարք է, այլ նաև վնաս է հասցնում փաստաբանության հեղինակությանը, մարդու իրավունքների պաշտպանության համակարգին և ի վերջո երկրի հեղինակությանը: Փաստաբանի մասնագիտական աշխատանքն ունի իրավապաշտպան նշանակություն: Փաստաբանի երաշխավորված մասնագիտական աշխատանքը սկզբունքային կարևորություն ունի մարդու ու նրա իրավունքների, երկրում իրավունքի գերակայության ամրապնդման համար։

Միանում ենք այսօրվա ասուլիսում Փաստաբանների պալատի ղեկավարության պահանջին առ այն, որ դեպքը պետք է լինի քրեական հետապնդման մարմինների հատուկ ուշադրության ներքո: Պետք է հատուկ ուշադրության ներքո պահել նաև անչափահասներին ոստիկանների կողմից բռնության ենթարկելու դեպքը: Սա բացարձակ անթույլատրելի երևույթ է։

Փաստաբանների պալատի ղեկավարության այսօրվա ասուլիսում հնչեցին նաև պնդումներ օրենքով արգելված այնպիսի երևույթի մասին, որ ոստիկանության աշխատակիցները փաստաբանների նկատմամբ հնչեցրել են սպառնալիքներ, եթե նրանք բարձրաձայնեն բռնության դեպքի մասին։

Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամը հատուկ ընդգծում է, որ պարտադիր է ոստիկանության բաժնում բռնության այդ դեպքի կապակցությամբ արագ և օբյեկտիվ քննություն իրականացնելը։ Պետք է պարզվեն դեպքի բոլոր հանգամանքները և իրավական պատասխանատվության միջոցներ կիրառվեն մեղավոր անձանց նկատմամբ»։

--00—ՍՊ