Երևանում կրկնապատկվել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերը. Ազատ Գևորգյան. «Արմենպրես»

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 16, 24News

96deefe0-9b3b-4624-a040-3d397cebd9fd.jpg

Երևանում հանցագործության դեպքերը նախորդ տարվա համեմատ աճել են, որը պայմանավորված է տարբեր գործոններով: Մասնավորապես, կրկնապատկվել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերը։ Աճին զուգահեռ ավելացել է քննիչների ծանրաբեռնվածությունը։ Հանցագործության դեպքերի աճը և քննիչների ծանրաբեռնվածությունը կարող է օբյեկտիվորեն բացասաբար ազդել բացահայտման ցուցանիշների վրա։ Երևանում հանցավորության վիճակի, ճանապարհատրանսպորտային պատահարների, թմրամիջոցների ապօրինի շրջանառության, հանցագործությունների, անչափահասների մասնակցությամբ հանցավորության մակարդակի, ՀՀ նոր քրեական դատավարության օրենսգրքի մասին, 2023 թվականի ծրագրերի և այլ հարցերի շուրջ «Արմենպրես»-ը զրուցել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետ, արդարադատության առաջին դասի խորհրդական Ազատ Գևորգյանի հետ։ Հարցազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի և Պարոնյան և Լեո փողոցների խաչմերուկում հղի կնոջը վրաերթի ենթարկելու դեպքերին։

- Պարոն Գևորգյան, 2022 թվականին Երևանում հանցագործության քանի դեպք է գրանցվել, ինչպիսին է հանցագործությունների բացահայտման ցուցանիշը և այս առումով ինչպիսի դինամիկա է առկա նախորդ տարվա համեմատությամբ:

-Նախ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել հարցազրույցի կազմակերպման, մեր աշխատանքի հանդեպ ցուցաբերած հետաքրքրության և այն անաչառ լուսաբանելու համար: 2022 թվականի ընթացքում Երևան քաղաքի քննչական վարչության և տարածքային քննչական բաժինների վարույթում քննվել է 28 հազար 512 քրեական վարույթ, նախորդ տարվա 19 հազար 165-ի դիմաց, այսինքն վարույթներն աճել են 9347-ով կամ 48.8 տոկոսով: Նկատվում է հանցագործության դեպքերի աճի դինամիկա, որը պայմանավորված է տարբեր գործոններով: Ցանկանում եմ նաև նշել, որ քրեական վարույթների աննախադեպ աճի հետ զուգահեռ ավելացել է քննիչների ծանրաբեռնվածությունը: Երևան քաղաքում աշխատանքներն իրականացվել են 197 քննիչներով, իսկ քննիչների միջին ծանրաբեռնվածությունը կազմել 145 քրեական վարույթ նախորդ տարվա 105-ի դիմաց: Հանցագործության դեպքերի աճը և քննիչների աննախադեպ ծանրաբեռնվածությունը օբյեկտիվորեն բացահայտման ցուցանշների վրա բացասաբար ազդող գործոններ են:

- Ո՞ր տեսակի հանցագործություններն են ավելի շատ գրանցվել և ի՞նչ քայլեր են ձեռնարկվում դրանք նվազեցնելու ուղղությամբ։

-Դատելով վիճակագրական ցուցանիշներից կարելի առանձնացնել թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերը, որոնք 2022 թվականի ընթացքում կարելի է ասել կրկնապատկվել են՝ 2021 թվականի ընթացքում գրանցվել է 487 դեպք, իսկ 2022 թվականի ընթացքում 985 դեպք: Ստացվում է, որ 2022թ. ընթացքում դեպքերի աճը կազմել է 498 դեպք կամ 102 տոկոսով: Նշված դեպքերի նվազման առումով քննչական կոմիտեն ձեռնարկում է առավելագույնն իր լիազորությունների շրջանակում:

-Հատկապես մեծ ծավալներ են ստացել սոցիալական ցանցերի, առավելապես «Տելեգրամ»-ի օգտագործմամբ թմրամիջոցների ապօրինի իրացման դեպքերը։ Ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկվեն՝ նմանատիպ հանցագործությունների դեպքերը կանխելու ուղղությամբ:

-Պետք է նշեմ, որ այս ուղղությամբ ձեռնարկվել են գործնական քայլեր։ Մասնավորապես՝ քրեականացվել է թմրանյութի գովազդը, բացի այդ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում են քննվում «Տելեգրամ» ալիքների օգտագործմամբ թմրամիջոցների ապօրինի իրացման առավել բարդ և բազմադրվագ քրեական վարույթները:
Թեև վերջին տարիներին մեծ ծավալներ են ստացել սոցիալական ցանցերի, ինչպես նշեցիք՝ «Տելեգրամ» ալիքների օգտագործմամբ թմրամիջոցների ապօրինի իրացման դեպքերը, սակայն նշված եղանակով իրացման դեպքերի առանձին հաշվառում չի իրականացվում, այդուհանդերձ կարող եմ փաստել, որ «Տելեգրամ» ալիքների միջոցով իրացման դեպքերը նույնպես բացահայտվում են:
Ուզում եմ նաև հավելել, որ այս բնույթի հանցագործությունները լատենտային բնույթ ունեն։ Եվ չափազանց կարևոր է, իրավապահ մարմինների անզիջում հետևողականությունից զատ, նաև հասարակության անհանդուրժողականությունը։ Հատկապես մատաղ սերնդի մասով պետք է ձեռնարկվեն նախականխիչ բոլոր հնարավոր միջոցները, որոնցում պետք է ներգրավված լինեն ինչպես ծնողները, այնպես էլ ուսումնական հաստատությունները։ Այսինքն՝ միայն պետություն-հասարակություն սերտ համագործակցությամբ է հնարավոր պայքարել այս չարիքի դեմ։

- «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի դեպքով հարուցված քրեական վարույթն ի՞նչ փուլում է: Ինչ մանրամասներ կարող եք հաղորդել:

-2022 թվականի օգոստոսի 14-ին Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի 15 հասցեում գտնվող «Երևանի Պահածոների գործարան» ՓԲԸ-ի տարածքում գործող «Սուրմալու» առևտրի կենտրոնի պահեստային տարածքում տեղի ունեցած պայթյունի և փլուզման դեպքի առթիվ նախաձեռնված վարույթի շրջանակներում կատարված մեծածավալ քննչական և վարութային գործողությունների արդյունքում մեղադրանք է ներկայացվել 4 անձի՝ ՓԲԸ-ի փոխտնօրենին և այն տնտեսվարողներին, որոնց պահեստային տարածքում առաջացել է պայթյունը: Նախաձեռնված վարույթով նշանակված են փորձաքննություններ, որոնց եզրակացությունները ստանալուց հետո քրեական վարույթի նախաքննությունը կմտնի ավարտական փուլ:

-Հայաստանում շարունակվում է ճանապարհատրանսպորտային հանցագործությունների և պատահարների դեպքերի աճ գրանցվել: Ինչպիսին էր պատկերը 2022 թվականին Երևանում: Ինչ քայլեր են ձեռնարկվում ՃՏՊ-ների քանակը նվազեցնելու ուղղությամբ:

-2022 թվականի ընթացքում Երևան քաղաքում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային պատահարի 1928 դեպք, որից 58-ը՝ մահվան ելքով, իսկ 2021 թվականի ընթացքում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային պատահարի 1859 դեպք, որից 78-ը՝ մահվան ելքով։ Վերոնշված վիճակագրական ցուցանիշներ փաստում են, որ ունենք դեպքերի աճ, սակայն մահվան ելքով պատահարների 25 տոկոսով նվազում: Ճանապարհատրանսպորտային պատահարների աճը նվազեցնելու համար ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության ՃՏՀ քննության բաժնում մշտապես ուսումնասիրվում է վիճակագրությունն ինչպես առանձին վարչական շրջաններում դեպքերի քանակի, այնպես էլ առանձին փողոցներում կամ փողոցի որևէ կոնկրետ ճանապարհահատվածում դեպքերի քանակի վերաբերյալ և համապատասխան միջնորդագրեր են ուղարկվում՝ այդ հատվածներում դեպքերի պատճառ հանդիսացած հանգամանքների վերացման կամ այդ ուղղությամբ համապատասխան միջոցներ ձեռնարկելու համար (ճանապարհային համապատասխան նշաններ տեղադրելու, ճանապարհի բաժանարար արգելապատնեշ կառուցելու, հետիոտնային անցման գծանշումներ իրականացնելու կամ անցումներ կառուցելու և այլն)։

- Սոնա Մնացականյանին Երևան քաղաքի Պարոնյան և Լեո փողոցների խաչմերուկում վրաերթի ենթարկելու և անզգուշությամբ մահ պատճառելու դեպքով հարուցված քրեական վարույթի ընթացքից ինչ տեղեկություն կարող եք տրամադրել։

-Այդ դեպքով նախաձեռնված քրեական վարույթով հավաքված բոլոր ապացույցները գնահատելով և հանգելով հետևության, որ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով և 244-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրյալ Ա․ Ն․-ին վերագրվող հանցանքների համար իրավասու դատարանի կողմից նրա դատապարտումը մեծապես հավանական է՝ նախաքննությունն ավարտվել է, կազմվել է մեղադրական եզրակացություն և վարույթի նյութերը 2022 թվականի հոկտեմբերի 10-ին ուղարկվել է դատարան։

-Ինչպիսի՞ վիճակում է մայրաքաղաքում անչափահասների մասնակցությամբ հանցավորության մակարդակը՝ ըստ քրեական վարույթների տվյալների:

-Անչափահասների մասնակցությամբ կատարված դեպքերով 2021 թվականի ընթացքում արձանագրվել է 106 դեպք, իսկ 2022 թվականի ընթացքում 105 դեպք, այդ առումով կարելի է նշել, որ անչափահասների կողմից կատարված հանցագործությունների դինամիկան պահպանվում է և տարբերությունը կազմում է ընդամենը 1 դեպք: Այն հանգամանքը, որ չունենք աճ, իհարկե, դրական երևույթ է։ Սակայն կարծում եմ, որ անգամ այդ քանակի դեպքերն են շատ, հետևաբար անչափահասների հանցավոր վարքագծի դրսևորման կանխարգելիչ, վերահսկողական մեխանիզմները պետք է գործեն անխափան։ Պետությունը որդեգրել է զգալիորեն ավելի մեղմ պատժողական քաղաքականություն անչափահասների կողմից կատարվող հանցագործությունների առումով, սակայն սա պետք է ընկալել որպես հանցավոր ուղուց հրաժարվելու, գիտակցված սխալը չկրկնելու ընձեռվող հնարավորություն։
Առանձնակի ուշադրության ներքո պետք է գտնվեն առանց հսկողության թողնված, ինչպես նաև հաշվառման մեջ գտնվող անչափահասները, դպրոցներում հատկապես պրոբլեմատիկ, ընտանիքներում խնդիրներ ունեցող երեխաների հաճախելիության ստուգումը, ծնողների հետ հաղորդակցությունը կարող են էապես վերահսկելի դարձնել այս կատեգորիայի անչափահասների վարքագիծը։ Իրավապահ մարմինները խնդիր ունեն ավելի ինտենսիվ աշխատելու դեռահասների իրավագիտակցությունը բարձրացնելու, հանցագործությունները, դրանց վտանգավոր հետևանքները նրանց հասու դարձնելու ուղղությամբ։ Այս առումով ՀՀ քննչական կոմիտեն հանրակրթական հաստատությունների աշակերտների, ուսանողների հետ աշխատելու կառուցակարգեր գործարկելու ուղղությամբ ներկայում գործուն միջոցներ է ձեռնարկում։

- Պարոն Գևորգյան, 2022 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ է մտնել ՀՀ նոր քրեական դատավարության օրենսգիրքը: Մոտ կես տարվա գործարկման ընթացքում ինչքանո՞վ է այն արդարացրել ակնկալիքները, ի՞նչ նոր հնարավորություններ է ընձեռել՝ աշխատանքի արդյունավետության բարձրացման տեսանկյունից, խութեր նկատվե՞լ են:

- Իմ կարծիքով նոր օրենսգիրքն ունի շատ դրական կողմեր, սակայն դրանում ներառված ինստիտուտներ կան, որոնց վերջնական գործարկումը, դրա արդյունքում ձևավորվող պրակտիկան ցույց կտան հետագայում ինչպես ընդհանուր բացերը, այնպես էլ դրանց շտկման, կատարելագործման ուղղությունները: Պետք է նկատի ունենալ, որ Քրեական դատավարության նոր օրենսգիրքն իր առանձին նոր կարգավորումներով լրացուցիչ ծանրաբեռնվածություն է ավելացրել նախաքննական մարմնի համար։ Մասնավորապես, հետաքննությունը, որպես այդպիսին վերացվել է և այն նախնական քննությունը, որ իրականացնում էին հետաքննական մարմինները, հիմա քննչական մարմնի գործառույթն է։ Բացի այդ, վերանում է քրեական վարույթների կասեցման ինստիտուտը, և նախկինում կասեցված վարույթներով պետք է այս ընթացքում վերջնական դատավարական որոշումներ կայացվեն, ինչը լրացուցիչ աշխատանք է պահանջում քննիչներից։ Սակայն Քննչական կոմիտեում իրականացված նախապատրաստական աշխատանքները, անելիքների պլանավորումը թույլ են տալիս թուլացնել լարվածությունը և գործընթացները կազմակերպել հնարավորինս բնականոն հունով։ Անցումային այս շրջափուլից հետո, կարծում եմ, առկա խնդիրները կլուծվեն։

- Ինչ ցուցանիշներ են արձանագրվել քրեական վարույթներով պետությանը կամ համայնքներին պատճառված վնասների վերականգնման ուղղությամբ։

-2022 թվականի միայն Երևան քաղաքի քննչական վարչության վարույթում գտնվող քրեական վարույթներով պետությանը պատճառված վնասից վերականգնվել է շուրջ 376.405.000 ՀՀ դրամ գումար և վնասի փոխհատուցման նպատակով 707.787.000 ՀՀ դրամ արժողությամբ գույքերի վրա դրվել է կալանք:

- Պարոն Գևորգյան, որո՞նք են 2023 թվականին Երևան քաղաքի քննչական վարչության առաջնային քայլերը, ի՞նչ ուղղությամբ է հիմնական աշխատանքը տարվելու:

-Գիտեք, որ 2022 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ են մտել ՀՀ քրեական դատավարության և ՀՀ քրեական նոր օրենսգրքերը, ինչով պայմանավորված՝ մինչդատական վարույթն իրականացվում է նոր տրամաբանությամբ։ Բացի այդ 2023 թվականի հունվարի 1-ից գործում են քրեական հետապնդման ժամկետներ, որը ևս լուրջ մարտահրավեր է քննչական անձնակազմի համար, քանի որ քննիչներն աշխատում են գերծանրաբեռնված ռեժիմով։ Ուստի այս տարվա առաջնահերթություններից է վարչության անձնակազմը պրոֆեսիոնալ և բանիմաց քննիչներով համալրելը, որի արդյունքում կնվազի մյուս քննիչների ծանրաբեռնվածությունը։ Վերջինս անխուսափելիորեն կբարձրացնի մինչդատական վարույթի արդյունավետությունը:

--00—ԶՀ