Ժամանակն է՝ Հայաստանն անցնի որակի բարելավմամբ ուղեկցվող առողջապահական համակարգի․ Կարոլին Գեգինատ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 20, 24News

AN

Առողջության համապարփակ ապահովագրության համակարգի ներդրումն առաջիկա տարիներին ոլորտի ամենակարևոր և էական բարեփոխումներից է: Ծրագրի արդյունքներն ուղենշելու նպատակով մեկնարկել է աշխատաժողով` առողջապահության նախարարության, ֆինանսների նախարարության, Համաշխարհային բանկի (ՀԲ) և այլ շահագրգիռ կողմերի մասնակցությամբ: Տեղեկանում ենք ՀՀ Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից։ 

«Առողջության համապարփակ ապահովագրության ներդրումն ուղղված է բժշկական օգնության և սպասարկման կարիք ունեցող յուրաքանչյուր քաղաքացու պատշաճ և ժամանակին ծառայություններ մատուցելու անհրաժեշտությամբ՝ անկախ վճարունակությունից, սեռից, տարիքից, բնակության վայրից»,- իր ելույթում նշել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Նախարարը նշել է, որ ծրագիրն անցել է քննարկումների, փորձագիտական գնահատականների, ակտուարական հաշվարկների տևական գործընթաց, արդյունքում` պահպանելով մատչելի առողջապահության սկզբունքը և պացիենտի շահը։

«Ֆինանսների նախարարությունը տրամադրված է ամբողջությամբ աջակցելու այդ պրոցեսին: Առողջապահական բարեփոխումները կառավարության կարևորագույն ուղղություններից են, ոլորտի ծախսերը տարիներ շարունակ առաջանցիկ տեմպերով աճել են և կաճեն` հատկապես ապահովագրության համակարգի ներդրմանն ուղղված»,-նշել է Ֆինանսների նախարարի տեղակալ Վահան Սիրունյանը:

ՀԲ հայաստանյան գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատը նշել է, որ բարեփոխումը հեշտ չէ, սակայն ճիշտ ժամանակն է, որ Հայաստանն անցում կատարի որակի բարելավմամբ ուղեկցվող առողջապահական համակարգի:

 

--00—ՍՊ