ՀՀ տարածքով անցնող ոչ մի միջանցքի մասին խոսք չկա, ՌԴ-ն այդ մասին բազմիցս ասել է. Սերգեյ Կոպիրկին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 22, 24News

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների հանձնախումբը, որը քննարկում է Հարավային Կովկասում տնտեսական ենթակառուցվածքների ու ճանապարհների ապաշրջափակման մասին հարցը, չի բանակցում ՀՀ տարածքով անցնող որևիցե միջանցքի մասին, ինչպես բազմիցս նշել է ռուսական կողմը։ Այս մասին 24News-ի հետ զրույցում հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

Հիշեցնենք, որ վերջերս ադրբեջանական կողմը հրապարակել էր Բաքվում ՌԴ դեսպան Միխայիլ Բոչարնիկովի հետ հարցազրույց և նրան վերագրել մի արտահայտություն, ըստ որի իբր «ռուսական կողմը խնդիր չի տեսնում Զանգեզուրի միջանցքի բացման մեջ»։

«Ես ներկա չեմ գտնվում այդ բանակցություններին, դրանով զբաղվում են երեք երկրների փոխվարչապետերն ու մասնագետները, բայց ռուսական դիրքորոշումը մի քանի անգամ հստակ հայտարարվել է համանախագահ, մեր փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի կողմից, որ ոչ մի միջանցքային տարամաբանության մասին խոսք չի գնում։ Ինչ վերաբերվում է դեսպանի հայտարարություններին, որքանով որ ես ծանոթ եմ, ոչ մի միջանցքի մասին չի խոսել, այլ տարածաշրջանի կոմունիկացիաների բացման մասին», - ասել է նա։

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինի ամբողջական հարցազրույցը դիտեք 24News-ի յութուբյան ալիքում այսօր՝ 22:15։

--00—ԶՀ