Պայմանավորվածություն է ձեռք բերվել գույքագրել Հայաստանի կարիքները և դրանք փոխանցել իրանական կողմին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 28, 24News

default.jpg

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառաուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության կոոպերացիայի, աշխատանքի և սոցիալական բարեկեցության նախարար Սեյեդ Սոուլաթ Մորթազավիի գլխավորած պատվիրակությանը։

ՏԿԵ նախարարությունից հայտնում են, որ հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ-ում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին, Կապանում ԻԻՀ գլխավոր հյուպատոս Աբեդին Վարամին, ԻԻՀ-ում ՀՀ դեսպանության ներկայացուցիչ Վարդան Կոստանյանը և այլ պաշտոնյաներ։

Նախարարը ողջունել է հյուրերին և բարձր է գնահատել բարեկամ Իրանի հետ բազմաոլորտ համագործակցությունը։

Սեյեդ Սոուլաթ Մորթազավին իր հերթին ողջունել է նախարար Սանոսյանին և կարևորել է Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի միջև առկա բարձր մակարդակի հարաբերությունները․

«Բայց մենք չպետք է բավարարվենք եղածով։ Մենք պետք է աշխատենք, որպեսզի երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների մակարդակն առավել բարձրացնենք»,-ասել է Իրանի նախարարը՝ ընդգծելով նաև, որ Հայաստանը նաև Իրանի համար ԵԱՏՄ շուկա մտնելու առումով կարևոր դերակատար է։

Հանդիպման ժամանակ քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։ Կարևորվել է իրանական ընկերությունների ներուժի օգտագործումը հայաստանյան ենթակառուցվածքների զարգացման հարցում։ «Մենք ճանապարհաշինության ծավալները մի քանի անգամ մեծացրել ենք, մեծացել է նաև այլ ենթակառուցվածքների կառուցման ծավալները, ինչը նշանակում է, որ մենք հավելյալ շինարարական ընկերությունների և աշխատուժի կարիք ունենք և ուրախ կլինենք իրանական ընկերություններին տեսնել այս ոլորտում»,-ասել է նախարար Սանոսյանը։

Սեյեդ Սոուլաթ Մորթազավին նշել է, որ ԻԻՀ մասնավոր հատվածի ընկերությունները մեծ պոտենցիալ ունեն և պատրաստակամ են իրենց ներդրումն ունենալ Հայաստանի ենթակառուցվածքների՝ ճանապարհների, երկաթգծի, թունելների կառուցման գործում։

Նախարար Սանոսյանը ողջունել է այդ պատրաստակամությունը։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում գույքագրել Հայաստանի կարիքները և դրանք դեսպանատան միջոցով փոխանցել իրանական կողմին։

--00—ԶՀ