ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 8, 24News
Եվրամիության և ՆԱՏՕ-ի անդամ Լատվիայի, Էստոնիայի և Լիտվայի արտաքին գործերի (ԱԳ) նախարարները հայտարարել են, որ Վրաստանի խորհրդարանի կողմից «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի ընդունումն առաջին ընթերցմամբ լուրջ հարցեր է առաջացնում Վրաստանում ժողովրդավարության հեռանկարների վերաբերյալ։ Այս մասին հայտնում է Aliq.ge-ն։
Բալթյան երկրների արտգործնախարարները կոչ են անում Վրաստանի խորհրդարանին ողջ պատասխանատվությամբ գնահատել երկրի իրական շահերը և զերծ մնալ որոշումներից, որոնք կարող են խաթարել Վրաստանի ժողովրդի ձգտումը՝ ապրել ժողովրդավարական երկրում՝ դեպի Եվրամիություն և ՆԱՏՕ ճանապարհին։
Նախարարները Վրաստանի կառավարությանը կոչ են անում հարգել քաղաքացիների խաղաղ բողոքի ցույցերի իրավունքը։
Մարտի 7-ին Վրաստանի խորհրդարանում և հարակից տարածքում լարված իրավիճակ էր ողջ օրվա ընթացքում: Ցուցարարների ուղղությամբ մոբիլիզացված հատուկջոկատայինները կիրառել են արցունքաբեր գազ, ջրցան մեքենա, պղպեղային սփրեյ: Բողոքի ակցիաները մեծ թափ ստացան «Օտարերկրյա գործակալների մասին» օրինագիծն ընդունելուց հետո։
--00—ՅՄ