Ավելի քան ակնհայտ է, որ Ադրբեջանը փորձում է գնալ նոր էսկալացիայի․ ի՞նչ անել․ ադրբեջանագետ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, 24News

տաթևիկ

Ավելի քան ակնհայտ է, որ Ադրբեջանը փորձում է գնալ նոր էսկալացիայի: Իրավիճակն ամենից շատ լարում են արցախյան ուղղությամբ, բայց դա նաև չի բացառում գործողությունների ՀՀ–ի ուղղությամբ: Այդ մասին տելեգրամյան իր ալիքում գրում է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը։

«Սա պարզ իրողություն է, որն արձանագրվել է նաև ՀՀ վարչապետի ու ԱԳՆ–ի կողմից: Միջազգային փաստահավաք առաքելություն ուղարկելու կոչերը լավ են, բայց դա երկար գործընթաց է, իրավիճակը ժամ ժամի լարվում է ու անհրաժեշտ են հրատապ քայլեր»,- նշել է նա։ 

Ի՞նչ անել: 

Ըստ ադրբեջանագետի՝ Փաշինյանը կարող է զանգեր կատարել Մոսկվա, Վաշինգտոն, Բրյուսել և նաև Թեհրան: Այս բոլոր կողմերը ցանկանում են և անգամ մրցակցում միմյանց միջև հայ–ադրբեջանական հարաբերություններում միջնորդ լինելու համար: Թող հենց հիմա իրենց կանխարգելիչ քայլերով ցույց տան, թե իրենցից ով կարող է զսպել Ադրբեջանին, որ կողմն ունի լծակներ: Պետք է զանգեր կատարել էսկալացիան կանխելու համար, ոչ թե հետո, երբ Ադրբեջանը գնա գործողություններին: Իրավիճակն իրապես բարդ է, և արագ կանխարգելիչ քայլեր են պահանջվում մեր կողմից:

--00—ՍՊ