Ինձ համար շատ օգտակար էր Սյունիքում գտնվելու օրերին սովորական քաղաքացիների հետ խոսելը․ ԱՄՆ դեսպան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 10, 24News

333546994_184187360989892_5020670257215209825_n

Մարտի 9-ին Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը Գորիսում հանդիպել է առաջին անգամ Սյունիք այցելած՝ ՀՀ-ում ԱՄՆ նորանշանակ դեսպան Քրիստինա Քվինին։ Այս մասին տեղեկանում ենք մարզպետարանի ֆեյսբուքյան էջից։

Մարզպետը շնորհավորեց  նրան Հայաստանում դիվանագիտական ծառայության մեկնարկի կապակցությամբ ու շնորհակալություն հայտնեց այս դժվարին օրերին Սյունիք այցելելու համար՝  նշելով, որ դա շատ կարևոր է մարզի բնակչության համար։

Դեսպանը շնորհակալություն հայտնեց Ռ․Ղուկասյանին  նախորդ օրը դեպի Բերձորի միջանցք այցի ընթացքում իրեն միանալու համար։ Քրիստինա Քվինն ասաց նաև, որ իր համար շատ օգտակար էր Սյունիքում գտնվելու օրերին սովորական քաղաքացիների հետ խոսելը, որոնք իրեն պատմել են պատերազմից հետո այստեղ ապրելիս իրենց զգացողությունների ու հատկապես 2022-ի սեպտեմբերյան ագրեսիայից հետո ապագայի հանդեպ ունեցած  անվտանգային մտահոգությունների մասին։

Հանդիպման ընթացքում Ռոբերտ Ղուկասյանը ներկայացրեց 44-օրյա ու 2022թ․ սեպտեմբերի  պատերազմներից հետո մարզում ստեղծված իրավիճակն ու պատասխանեց դրա վերաբերյալ դեսպան Քվինի հարցերին։

Զրուցակիցները քննարկեցին նաև թեմաներ, որոնք վերաբերում էին Սյունիքում վերաբնակեցված արցախցիներին, մարզի սահմանային բնակավայրերում պատերազմից հետո ապրող մարդկանց խնդիրներին, այս համատեքստում  առաջ եկած  սոցիալական, անվտանգային, տնտեսական հարցերին։

Դեսպանը հետաքրքրվեց մարզային իշխանության հետագա անելիքներով ու ծրագրերով՝ ուղղված նոր իրավիճակում բացասական սոցիալ-տնտեսական հետևանքների մեղմացմանն ու  մարզի դիմակայունության բարձրացմանը։

Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության կողմից (USAID) Սյունիքում իրականացված ծրագրերին ևս։

--00—ՅՄ