Իշխանությունը գիտի` Բրյուսովում ուսանողներն էլ չեն աջակցում իրենց, էդ պատճառով ԱՆ հրամանը արձակեցին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 14, 24News

photo_2023-03-14_12-59-25

Իշխանություններն ամեն ինչ արեցին, որպեսզի հոգաբարձուների 3 հոգանոց ժամանակավոր խորհուրդ ձեւավորելու համար սահմանված 2 ամիս ժամկետը լրանա։ Այս մասին 24News-ին ասաց Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի Ուսումնագիտական աշխատանքների հարցերով պրոռեկտոր, ռեկտորի պարտականությունները կատարող, ԲՊՀ Սոցիալական գիտությունների և սերվիսի ֆակուլտետի դեկան Ցոլակ Ակոպյանը՝ անդրադառնալով ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հրամանին։

Ակոպյանը նշեց, որ «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ եթե 2 ամսվա ընթացքում չի ձեւավորվում Հոգաբարձուների խորհուրդ, արդարադատության նախարարի հրամանով 3 հոգանոց ժամանակավոր խորհուրդ է ձեւավորվում․ «Բայց դա վերաբերում է այն հիմնադրամներին, երբ հիմնադիր վեճ են ունենում, ու խորհուրդ չի ձեւավորվում։ Մենք հունվարին դասախոսական  և ուսանողական կազմի նորմալ ընտրություն ենք անցկացրել, կազմն ուղարկել ենք լիազոր մարմնին, որպեսզի ինքն ուղարկի  կառավարություն` հաստատման։ Բայց ներսից ինչ-որ արհեստական, անհիմն բողոք են ստանում, մինչեւ այսօր չգիտենք՝ ինչ բողոքի մասին է խոսքը (սա է մեր դեմոկրատիան, որում ապրում ենք)։ Այդ բողոքի հիման վրա 2 ամիս ձգում են, որպեսզի մարտի 6-ին լրանա իրենց ցանկալի 2 ամիս ժամկետը։ Որպեսզի ԱՆ-ի հրամանով իրենց ցանկալի, հլու-հնազանդ, կամակատար խորհուրդը ձևավորեն։ Եվ, բնականաբար մինչեւ այսօր պատճառների վերաբերյալ մեր ուղարկած նամակների պատասխանները չենք ստանում»։

ԲՊՀ ռեկտորի պաշտոնակատարն ընդգծեց, որ իրավական ճանապարհով են գնալու։ «Լիազոր մարմնի անգործության հարցով դիմելու ենք դատարան։ 2 ամիս ԿԳՄՍ նախարարությունը դրսևորեց անգործություն, որևէ բան չարեց խորհուրդ ձեւավորելու համար։ Նախարարի այս հրամանը պետք է ճանաչվի անվավեր, եթե միտումնավոր ձգձգել են խորհրդի ձեւավորումը։ Մենք նաև հարց ենք բարձրացրել, որ նախորդ խորհուրդը ժամանակին անօրինական ճանապարհով է լուծարվել։ «Հիմնադրամների մասին» օրենքի համաձայն՝ երբ անդամը դուրս է գալիս խորհրդի կազմից, պետք է դիմում գրի ոչ թե վարչապետի կամ ԿԳՄՍ նախարարի անունով, այլ հոգաբարձուների խորհրդի նախագահի անունով։ Նաև այս մասով էլ ենք դիմելու դատարան։ Եթե մեր այս բողոքն էլ բավարարվի, նախորդ խորհուրդը պետք է նորից գործի»,- ընդգծեց Ցոլակ Ակոպյանը։

«Այս պահին ժամանակավոր խորհուրդն ընդունում ենք որպես միակ գործող խորհուրդ՝ մինչև կլինի դատարանի վճիռը։ Պատրաստ ենք աշխատել նույնիսկ այս 3 հոգանոց խորհրդի հետ։ Ուղղակի ցավում ենք, որ պետությունը չկարողացավ 10 հոգի իրեն հավատարիմ մարդ գտնել։ Այ սա է ցավալին։ Այսինքն՝ իրենց այդքան չեն վստահում։ Գիտեն, որ բուհում չունեն աջակցություն ուսանողության կողմից, որ գնացին այս ճանապարհով»,- շեշտեց ԲՊՀ-ի ղեկավարը։

Ակոպյանն ասաց նաև, որ ժամանակավոր խորհուրդը գործում է 6 ամիս․ «Նախ այս խորհրդի հիմնական գործառույթը պետք է լինի Հոգաբարձուների խորհուրդ ձեւավորելը։ Մի կողմից լավ է, որ խորհուրդ ունենք։ Մի քանի հարցեր ունենք, որ ուզում ենք խորհրդով հաստատել, օր․՝ աշխատավարձերը բարձրացնել․ առանց խորհրդի հաստիքացուցակը չի կարող հաստատվել։  Լավ է, որ մեր բնականոն աշխատանքը կարողանանք ապահովել։ Մյուս կողմից՝ պարզ է, թե ինչու են իշխանությունները ժամամակավոր խորհուրդ ձեւավորել»։

Ակոպյանի կարծիքով, իշխանություններն այս ժամանակավոր խորհրդի միջոցով մի քանի նպատակ կարող են հետապնդել․ «Նպատակներից մեկը կարող է լինել տոտալ վերահսկողությունը համալսարանի նկատմամբ։ Ուսանողներն ասում են՝ «եթե խախտում է եղել, դասախոսական կազմի ընտրության ժամանակ, ինչո՞ւ մեզ՝ 5 հոգուս, չեն հաստատել»։ Այսինքն՝ այստեղ խախտվել է նաև բուհի կառավարմանը մասնակցելու՝ ուսանողի իրավունքը։ Օրենքի համաձայն՝ խորհրդի անդամների 25 տոկոսը պետք է լինի ուսանողական կազմից։ Մեզ համար ամենամեծ խնդիրը կարող է լինել իշխանությունների կողմից տոտալ վերահսկողությունը, իսկ ինչ վերաբերում է բուհի կառավարիչ ընտրելուն և այլն, 2 խնդրի առջև են կանգնում, որովհետև ունենք նախորդ մրցույթի բողոքարկման հարց։ Մինչեւ չհաստատվի նախորդ մրցույթի արդյունքը կամ չմերժվի, ռեկտորի ընտրության նոր մրցույթ չեն կարող հաստատել։ Եվ ռեկտորի պարտականությունները կատարողի խնդիր չեն կարող լուծել, որովհետև կանոնադրության մեջ ֆիքսված է, որ մինչեւ նոր մրցույթ անցկացնելը, պարտականությունները ամբողջ ծավալով կատարում է ամենամեծ աշխատանքային ստաժ ունեցող պրոռեկտորը»։

ԲՊՀ-ի ռեկտորի պարտականությունները կատարողը նաև ասաց, որ համալսարանը լուծարելը հարցն էլ կարող է խնդրահարույց լինել։ ««Հիմնադրամների մասին» օրենքի համաձայն՝ եթե 6 ամսվա ընթացքում  հոգաբարձուների խորհուրդ չի ձեւավորվում, ժամանակավոր խորհուրդը պարտավոր է դիմել բուհը լուծարելու հարցով։ Բայց այս դեպքում էլ կա Սահմանադրական դատարանի որոշում։ Ժամանակին Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը դիմել էր ՍԴ, և ժամանակավոր խորհրդի կողմից բուհը լուծարելու կետը ճանաչվել էր հակասահմանադրական։ Եթե իրավական ճանապարհով գնանք, լուծարելու մասին այդ կետն էլ չեն կարող կյանքի կոչել։ Իրենք նպատակն ի՞նչն է, չգիտեմ, ճիշտ կլինի իրենցից հարցնել՝ ինչո՞ւ գնացին այս ճանապարհով»,- եզրափակեց Ցոլակ Ակոպյանը։

Հիշեցնենք, որ ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հրամանով հաստատվել էր «Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամի ժամանակավոր խորհրդի կազմը։ ԲՊՀ-ի ժամանակավոր խորհուրդը կազմված է հետեւյալ իշխանականներից՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյան, արդարադատության փոխնախարար Արմենուհի Հարությունյան, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Զարուհի Մաթևոսյան:

Սերգեյ Առաքելյան

--00—ՅՄ