Փաշինյանը՝ աստված, Արսեն Թորոսյանն էլ՝ «անհավատ տերտեր»․ «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 15, 24News

թորոսյան

«Հրապարակ օրաթերթը» գրում է․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի համոզմամբ՝ Հայաստանում «որեւէ մեկի դեմ գործ սարքել հնարավոր չի», «իրենց իշխանությունն արժեքներով է առաջնորդվում», սակայն անգամ նրա թիմակից, ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը տրամագծորեն հակառակ դիրքորոշումն ունի եւ այդ դիրքորոշումն օրերս հայտնել է իր պաշտոնական էջում։ Երեւանի փոխքաղաքապետ Գեւորգ Սիմոնյանի ձերբակալության վերաբերյալ Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան գրառումներ էր կատարել՝ Հակակոռուպցիոն կոմիտեին գործ սարքելու մեջ մեղադրելով։

«Կոմիտեի հայտարարությունից պարզ է դառնում, որ կեղծիք կատարելու մեջ Գեւորգ Սիմոնյանի մեղավորությունը հիմնված է ենթադրությունների վրա: Նույնիսկ ծիծաղելի է այս ձեւակերպումը՝ «նախկինում ունեցած գործնական հարաբերությունները չվատթարացնելու անձնական շահագրգռվածությունից ելնելով», ըստ էության, ուրիշ ոչինչ չկա մեղադրանքի հիմքում»,- իր գրառման մեջ նշել էր Արսեն Թորոսյանը: Նա նաեւ գրել էր․ «Հաջորդ մտացածին թեզը վերաբերում է COVID 19 հիվանդությամբ հաստատված պացիենտների տեսակավորման եւ հիվանդանոցային պայմաններում բուժում ստացող եւ դուրսգրման ենթակա պացիենտների տրիաժին (Դուրսգրման տրիաժ խմբեր): Հավանաբար, Կոմիտեն չի ցանկացել կամ չի կարողացել ըմբռնել այդ խմբի բուն գործառույթը»։

Հաջորդիվ Արսեն Թորոսյանն իր գրառման մեջ շարունակում է․ «Շատ տարօրինակ էր նաեւ երեկ բոլոր քննչական, ըստ էության փակ, գործողությունների մասով մամուլին օպերատիվ տեղեկատվություն հաղորդելը, որը կրկին տեղիք է տալիս մտածելու, որ այս ամենն ավելի շատ կոնկրետ անձանց թիրախավորելու համար է, քան թե իրականությունը բացահայտելու»,- գրել էր Արսեն Թորոսյանը՝ հավելելով․ «Ոչ մի լավ բան անպատիժ չի մնում, կամ ինչու լավ չի աշխատում պետական ապարատը...»։

Երեկ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանին հարցրինք, թե ինչու է իր թիմակիցը նման կերպ արտահայտվում այն իրողությունների մասին, որոնք Նիկոլ Փաշինյանը «կոռուպցիայի դեմ պայքար» է անվանում, հավելելով, որ համակարգային կոռուպցիա Հայաստանում չկա: Փաստորեն ստացվում է, որ նույնիսկ իր թիմակիցն իր խոսքին ու իր ստեղծած կարգերին չի հավատում։ Փաշինյանը դա ժողովրդավարություն համարեց։ «Նախ, ես գնահատում եմ պարոն Թորոսյանի ձգտումը՝ իր հետ աշխատած մարդուն՝ իմ կողմից նշանակված, բայց իր առաջարկությամբ նշանակված, դժվար իրավիճակում պաշտպանելու, նրա իրավունքների պաշտպանության անհրաժեշտության վրա ուշադրություն հրավիրելու համար։

Բարոյական առումով ես սա համարում եմ նորմալ, քաղաքական առումով՝ սա էլի եւս մեկ ապացույց է, թե ինչպիսի ժողովրդավար կուսակցություն է «Քաղաքացիական պայմանագիրը», որտեղ կարող են լինել տարբեր տեսակետներ։ Իրավական առումով հարցի պատասխանը կտա նախաքննությունը, հետո՝ դատաքննությունը, ինչը, ենթադրում եմ, լինելու է հրապարակային, եթե գործը հասնի դատաքննության փուլին։ Ես մտածում եմ, որ գործը կհասնի դատաքննության փուլին, որովհետեւ ես գիտեմ նաեւ իրավապահ մարմինների ձգտումը, որովհետեւ տեսանելի հավանականություն, որ եթե գործը դատարան հասնելու ճանապարհին կարող է փլուզվել կամ դատարանում, ապա ավելի լավ է այդ գործը չսկսել, եւ, հետեւաբար, այդ մասով էլ հարցն այդպես կլուծվի, իսկ կոռուպցիայի դեմ պայքարի եւ իրավական համակարգի կայացման առումով բոլոր մարդիկ հավասար են օրենքի առաջ։ Ինչ վերաբերում է պետությանը, ապա, ցավոք սրտի, ինձ մինչ այս պահը չի հաջողվել կերտել մեր երազած պետությունը, բայց ես հույս ունեմ, որ մեր երազած պետությունը կկերտվի կա՛մ իմ, կա՛մ հետագա վարչապետների պաշտոնավարման արդյունքում»,- պատասխանեց Փաշինյանը։

Մեր դիտարկմանը, որ ինչքան էլ Փաշինյանը դա ժողովրդավարություն է համարում, բայց, մեկ է՝ Արսեն Թորոսյանը քաղաքական թիմի անդամ է, նա էլ է պատասխանատու Փաշինյանի իշխանության գործողությունների եւ դրանց հետեւանքների համար եւ, փաստորեն, չի հավատում, որ վարչապետն իր նպատակների ու գործողությունների մեջ ազնիվ է։ Ավելին՝ Արսեն Թորոսյանն ասում է, որ հիմա է հասկանում, թե նախկինում ինչու էին քրեական գործերը դատարաններում փլուզվում՝ նկատի ունենալով, որ դրա պատճառը ոչ թե Փաշինյանի ասած «վնգստացող դատավորներն» էին, այլ քաղաքական մոտիվներ ունեցող, փաստերի վրա չհիմնված, չապացուցվող քրեական գործերը:

«Գիտեք՝ մեր երկրում կան հոգեւորականներ, որոնք Աստծուն չեն հավատում, այնպես որ, մեծ ողբերգություն չէ, որ որեւէ պատգամավոր դատաիրավական համակարգին չի հավատում»,- այսպիսի պատասխան տվեց Փաշինյանը։ Մենք նկատեցինք, որ իր թիմակիցը ոչ միայն դատաիրավական համակարգին, այլեւ հենց իրեն՝ Փաշինյանին չի հավատում։ «Առավել եւս՝ մեծ ողբերգություն չէ»,- պատասխանեց Փաշինյանը:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։ 

--00—ՍՊ