Ի վերջո ով է Արցախի անվտանգության երաշխավորը. հակասություններ. «Ժողովուրդ»

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 15, 24News

փաշինյան

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Երեկ՝ մամուլի ասուլիսի ժամանակ, լրագրողները հարց ուղղեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանին. լրագրողներից մեկը հետաքրքրվեց՝ Արցախի դեմ հնարավոր էսկալացիայի դեպքում արդյոք Հայաստանն ապահովելու է Արցախի անվտանգությունը, արդյոք Հայաստանը շարունակում է մնալ Արցախի անվտանգության երաշխավորը։ Փաշինյանը պատասխանեց. «Ինչո՞ւ ես ստորագրեցի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը. պարզ պատճառով՝ ընկալելով, որ այդ իրավիճակում Հայաստանը չի կարող լինել ԼՂ անվտանգության լիարժեք երաշխավոր, հետեւաբար պետք էր ստեղծել մի համակարգ, որը կերաշխավորի ԼՂ անվտանգությունը: Համաձայն եռակողմ հայտարարության եւ դրանից հետո ՌԴ Դաշնային խորհրդի կայացրած որոշման, որը նախագահին թույլ է տալիս զորքեր ուղարկել ԼՂ, այս ամենով արձանագրվել է, որ ԼՂ անվտանգության երաշխավորը Ռուսաստանն է»:

Սակայն նկատենք, որ նրա այս հայտարարություններն ու խոսքը հակասում են փաստաթղթերին: Բանն այն է, որ 2020 թվականի հուլիսին Հայաստանն ընդունել է Ազգային անվտանգության ռազմավարությունը: Հենց այդ փաստաթղթում Ազգային շահեր բլոկի 4.3 կետում նշված է. «Հայաստանի Հանրապետությունը Արցախի անվտանգության երաշխավորն է:

Այս դերակատարումը պայմանավորված է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու Ադրբեջանի քաղաքականությամբ, ինչը գոյութենական սպառնալիք է Արցախի բնակչության համար»: Ընդ որում՝ այս նախադասությունն ամբողջ ռազմավարության մեջ մի քանի անգամ նշված է: Ստացվում է՝ Փաշինյանի այդ հայտարարությունը հակասում է ռազմավարությանը, նաեւ ՔՊ, կառավարության ծրագրերին, որտեղ եւս ամրագրված է անվտանգության երաշխավոր լինելը:

Իհարկե, 44-օրյա պատերազմը եղել է այս հայեցակարգի ընդունումից հետո, սակայն եթե Հայաստանը հրաժարվում է լինել ավտանգության երաշխավոր, ապա պետք է փոխվեն համապատասխան փաստաթղթերը:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։ 

--00—ՍՊ