Քաղաքապետը «լայաղ չարեց» դուրս գալ եւ շփվել բողոքող քաղաքացիների հետ․ Թեհմինա Վարդանյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 14, 24News

.

«Ես առհասարակ չեմ հասկանում քաղաքապետին, որովհետեւ կարծում եմ, որ իրավիճակը այսքան չէր սրվի, եթե նա հանդիպեր ժողովրդի հետ եւ խոսեր»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը՝ անդրադառնալով  այն հանգամանքին, որ սրճարանների ապամոնտաժման դեմ բողոքող քաղաքացիների հետ ոչ երեկ, ոչ այսօր Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը չհանդիպեց։

«Այնտեղ կանգնած են նաեւ իր ընտրողները։ Ըստ իս՝ նա, ունենալով վստահության քվե, պարտավոր էր դուրս գալ եւ շփվել տնտեսվարողների եւ աշխատակիցների հետ, որովհետեւ նախընտրական շրջանում, նաեւ պաշտոնը ստանձնելիս՝ Հայկ Մարությանն ասում էր, որ շփվելու է մարդկանց հետ, քայլելու է քաղաքով, զբաղվելու է յուրաքանչյուր քաղաքացու խնդրով, երթեւեկելու է հասարակական տրանսպորտով և այլն, և այլն։ Բայց երկու օր է՝ այս լարված իրավիճակն է, մասնավորապես այսօր, եւ քաղաքապետը, ներողություն արտահայտությանս համար, «լայաղ չարեց» դուրս գալ եւ շփվել բողոքող քաղաքացիների հետ»,- ասաց Թեհմինա Վարդանյանը։

Նա նշեց, որ իրենք կողմ են քաղաքի կանաչապատմանը, բայց դեմ են խտրական ապամոնտաժմանը․«Մենք միանշանակ կողմ ենք քաղաքում կանաչ գոտու ավելացմանը եւ ապօրինի կառույցների ապամոնտաժմանը, բայց ինչ վերաբերում է այս սրճարաններին, մենք կարծում ենք, որ պետք է առհասարակ Օպերայի ողջ շրջակայքը ազատագրվի սրճարաններից՝ եթե քանդել, ուրեմն քանդել բոլորը, որովհետեւ քանդվող սրճարանների տնտեսվարողները նշում են, որ մնացածը մնում են այս տարածքում, խտրական մոտեցում է ցուցաբերվում»,- ասաց ավագանու անդամը։

Այս իրավիճակի ելքը, Թեհմինա Վարդանյանի կարծիքով, պետք է որոնել քննարկումների միջոցով․ «Ես այն կարծիքին եմ, որ քաղաքապետը եւ գլխավոր ճարտարապետը պետք է հանդիպեն քաղաքացիների հետ, եւ այդ հանդիպումը որոշակիորեն կխաղաղեցնի վիճակը»,- նշեց ավագանու անդամը՝ նաեւ շնորհակալություն հայտնելով Կենտրոն վարչական շրջանի ղեկավարին, որ երկու օր շարունակ շփվում բանակցում է ցուցարարների հետ՝ ի տարբերություն քաղաքապետի։  

 

Տեսանյութեր

Live

Լրահոս