Փոխակերպվող աշխարհակարգը նոր իրավիճակ է ստեղծում մերձավորարևելյան-անդրկովկասյան տարածաշրջանում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 20, 24News

1

Փոխակերպվող աշխարհակարգը որակապես նոր իրավիճակ է ստեղծում նաև մերձավորարևելյան-անդրկովկասյան տարածաշրջանում։ Իր ֆեյսբուքյան էջում նման կարծիք է հայտնել է ԱԺ նախկին պատգամավոր Գոռ Գևորգյանը։

Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

«Մարտի 18-ին Կահիրեում կայացավ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուի հանդիպումը եգիպտացի իր գործընկերոջ՝ Սամեհ Շուքրիի հետ: 2013 թ.-ից ի վեր՝ երկու երկրների միջև առկա սուր և խնդրահարույց հարցերի համատեքստում, սա թուրքական արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարի առաջին այցն էր Եգիպտոս:

Վերջին տարիներին թուրքական դիվանագիտությունը ջանքեր էր գործադրում վերականգնել Եգիպտոսի հետ մասամբ սառեցված դիվանագիտական հարաբերությունները: Քննարկվող հարցերի օրակարգը հագեցած է եղել՝ դիվանագիտական հարաբերությունների լիարժեք վերականգնումից, տարածաշրջանային խնդիրներից մինչև առևտրատնտեսական հարաբերությունների վերագործարկում: Անհրաժեշտ է նշել, որ թուրք-եգիպտական հարաբերությունները՝ սկսած 2013 թ., ծայրահեղ լարված են եղել և ունեցել են տարբեր դրսևորումներ՝ լիբիական ճգնաժամում ներգրավվածությունից մինչև Եգիպտոսի կողմից թուրքական «Mavi Vatan-Կապույտ հայրենիք» ռազմավարության իրագործմանը խոչընդոտելու փորձերը:
Թուրք-եգիպտական մերձեցմանը միտված քայլերը, ինչպես նաև մերձավորարևելյան տարածաշրջանում ընթացող որակապես նոր զարգացումները անհրաժեշտ է դիտարկել գլոբալ աշխարհաքաղաքական իրողությունների համատեքստում։

✓ Ուկրաինական ճգնաժամը ոչ միայն խարխլել է միջազգային հարաբերություններում ռազմաքաղաքական ուժերի հարաբերակացությունը, այլև հարցականի տակ դրել Մերձավոր Արևելքի խարխլված և արդեն իսկ կազմաքանդված անվտանգային համակարգի «ավանդական երաշխավորների»՝ ԱՄՆ-ի, ԵՄ-ի և մասամբ նաև ՌԴ-ի ներկայության արդյունավետությունը՝ առաջին հերթին խնդրահարույց հարցերի կարգավորման առումով:

✓ Արցախյան 44-օրյա պատերազմի արդյունքում ձևավորված ռազմաքաղաքական նոր իրադրությունը Հարավային Կովկասում և թուրք-իսրայելական տարածաշրջանային գերակտիվությունը ԱՄՆ-ի, ԵՄ-ի և ՌԴ-ի ներգրավվածությունը ուկրաինական ճգնաժամում պարարտ հող են ստեղծել Չինաստանի համար՝ Մերձավոր Արևելքում գերակայության կարգավիճակի համար հայտ ներկայացնելու հարցում:

✓ «Չինական ֆորմատ»-ի շնորհիվ մարտի 10-ին Պեկինում ստորագրվեց սաուդա-իրանական եռակողմ հայտարարությունը՝ դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու և դեսպանությունների աշխատանքները վերագործարկելու վերաբերյալ: Ավելին, «չինական ֆորմատ»-ի շրջանակներում ընթացիկ տարում նախատեսվում է նաև գագաթնաժողով հրավիրել Պեկինում՝ Ծոցի արաբական մի շարք երկրների և Իրանի մասնակցությամբ: (Ուշագրավ է, որ Չինաստանը առաջ է քաշել նաև ուկրաինական ճգնաժամի կարգավորման իր 12 կետերը)

✓ Մարտի 19-ին Սիրիայի նախագահ Բաշար Ասադը առաջին անգամ, 2011 թ. հետո, երբ Ծոցի արաբական երկրները խզեցին վերջինիս հետ դիվանագիտական հարաբերությունները, պաշտոնական այցով ժամանեց Արաբական Միացյալ Էմիրություններ: Սիրիայի նկատմամբ Ծոցի արաբական երկրների դիրքորոշման փոփոխությունը շատ կարևոր է ոչ միայն պաշտոնական Դամասկոսի, այլև տարածաշրջանի այլ երկների համար՝ առաջին հերթին անվտանգային և տնտեսական տեսակետներից:

✓ Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա վերջինս փորձում է նորովի ներկայանալ Մերձավոր Արևելքում, որպես կառուցողական, քաղաքական երկխոսության և կայունության ձգտող պետություն՝ փորձելով ստանձնել նաև տարածաշրջանի անվտանգային համակարգի երաշխավորներից մեկի դերակատարումը՝ շատ լավ հաշվարկելով վերը նշվածը: Թուրքիան՝ արտաքին քաղաքական առաջնագիծ մղելով փոխշահավետ տնտեսական զարգացման գործոնը, իրականում իր ավանդական նկրտումները հմտորեն փաթեթավորում է տարածաշրջանում տարբեր նախագծեր իրականացնելու ներքո՝ մերձավորարևելյան տարածաշրջանի «մագիստրալացում», էներգետիկ հաբ, աշխարհաքաղաքական պատասխանատվություն և այլն։

✓ Ակնհայտ է, որ միջազգային հարաբերությունների նոր համակարգում մերձավորարևելյան-անդրկովկասյան տարածաշրջանը կունենա իր անվտանգության որակապես նոր ճարտարապետությունը, որտեղ ամենայն հավանականությամբ վաղեմի երդվյալ հակառակորդները փորձելու են քաղաքական երկխոսության գործընկերներ դառնալ՝ մարտահրավեր նետելով նաև ավելի փոքր երկրներին՝ վտանգելով վերջիններիս ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և միջազգային հարաբերություններում սուբյեկտայնությունը։

✓ Հայաստանի համար անչափ կարևոր է ոչ միայն մշտական ուշադրության տակ պահել տարածաշրջանում ընթացող զարգացումները, այլև վերարժևորել օրհասական սպառնալիքները, կայացվող քաղաքական որոշումները փորձել համադրելի դարձնել պատմագիտական ճշմարտություններին՝ զերծ մնալով պատրանքներից»։

--00—ԼՄ