Օնիկ Գասպարյանի մասին գրառմանս օպերատիվ արձագանքեց ոչ թե գեներալը, այլ քննիչ հանձնաժողովի նախագահը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 20, 24News

23412_b

Օնիկ Գասպարյանի վերաբերյալ առավոտյան գրածս գրառմանը զարմանալիորեն օպերատիվ արձագանքեց ոչ թե գեներալ Գասպարյանը, այլ քննիչ հանձնաժողովի նախագահը` անուղղակի պաշտպանության տակ վերցնելով վերջինիս: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Այն, որ այս իշխանությունը քննիչ հանձնաժողովի միջոցով բացառապես քաղաքական, քարոզչական նպատակներ է հետապնդում` տխրահռչակ հանձնաժողովը վերածելով կոնկրետ անձանց թիրախավորելու հիմնարկի, բոլորը գիտեն:

Զարմանալի է իշխանությունը ներկայացնող այն դեմքերի ինքնավստահ տոնն ու պահվածքը, ովքեր պատասխանատու են 44-օրյա պատերազմի ու դրան հետևած ժամանակահատվածում Հայաստանի ու Արցախի հսկայական տարածքային ու մարդկային կորուստների, երկրի անվտանգության համակարգը «պռախադնոյ դվոռի» վերածելու մեջ, սակայն շարունակում են դաշտը լցնել անիմաստ դատարկաբանություններով:

Այս իշխանության նպատակը ոչ թե երկրի պաշտպանությունն է, այլ հերթական կորուստները առավելագույնս «սվաղելը», իսկ բանակում տեղի ունեցած/ունեցող «փոփոխությունները» իրենց դրսևորումը ստանում են ծառայության ընթացքում մարտական խնդիրներ լուծելիս:

Ոչ մարտական պայմաններում, միայն մեկ միջադեպի ժամանակ, 15 զոհ տվող և զինծառայողներին թղթե դոմիկներում պահողներն եկել են կոչեր ու հորդորներ են հնչեցնում:

Ձեր ներկայությունն Արցախին ու Հայաստանին միայն ողբերգություն, զիջում և անդառնալի կորուստներ է բերել, իսկ երկիրը հրել եք դեպի անդունդ, հիմա էլ թե բա` քննիչ հանձնաժողով, քննարկում»։

--00—ՅՄ