Ստյոպա Սաֆարյանը տուգանվել է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 21, 24News

ստյոպա

Հանրային խորհրդի նախկին նախագահ Ստյոպա Սաֆարյանը տուգանվել է 200.000 ՀՀ դրամի չափով՝ ավելի քան մեկ տարի առաջ դատավորի նկատմամբ հարուցված կարգապահական վարույթի մասին հրապարակավ հայտնելու համար։ Գրում է pastinfo-ն։ 

Հիշեցնենք, որ դեռևս 2021թ սեպտեմբերին Ստյոպա Սաֆարյանը հրապարակավ հայտարարել է իր հաղորդման հիման վրա Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանի նկատմամբ կարգապահական վարույթի հարուցման մասին, ինչի իրավունքը չուներ՝ մինչև ՀՀ արդարադատության նախարարության կողմից ԲԴԽ համապատասխան միջնորդություն ներկայացնելը։

Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 206.17-րդ հոդվածը սահմանում է, որ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հաղորդում ներկայացրած անձի կողմից վարույթի վերաբերյալ տեղեկություններ հրապարակելը՝ մինչև կարգապահական վարույթ հարուցած մարմնի կողմից դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությամբ ԲԴԽ դիմելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:

Դեռևս 2021թ նոյեմբերին Դատական դեպարտամենտի արդեն նախկին ղեկավար Խաչիկ Ղազարյանը, որն այժմ զբաղեցնում է Հակակոռուպցիոն դատարանի նախագահի պաշտոնը, հայցադիմում էր ներկայացրել Վարչական դատարան՝ պահանջելով Ստյոպա Սաֆարյանին վարչական պատասխանատվության ենթարկել՝ ՎԻՎՕ 206.17-րդ հոդվածի հիմքով։

Վարչական դատարանը՝ դատավոր Գրիգոր Առաքելյանի նախագահությամբ, բավարարել է դատական դեպարտամենտի հայցը՝ տուգանքի չափ սահմանելով 200.000 ՀՀ դրամի չափով։ Դատական ակտը կայացվել է 2022թ նոյեմբերին և չի բողոքարկվել՝ ստանալով օրինական ուժ։

Նշենք, որ դատավոր Զարուհի Նախշքարյանի նկատմամբ նախորդ տարի ԲԴԽ-ում քննվել է կարգապահական պատասխանատվության վերաբերյալ երեք միջնորդություն, որոնցից մեկով դատավորին տրվել էր խիստ նկատողություն, մյուս երկու միջնորդությունները, այդ թվում՝ Սաֆարյանի հաղորդման հիման վրա ներկայացված, մերժվել են։ Այդուհանդերձ, դատավորի նկատմամբ հետապնդումներն այսքանով չեն ավարտվել։ Դատավորի լիազորությունները ԲԴԽ-ն դադարեցրել է 2023թ փետրվարի 27-ին՝ համակարգային խնդիրներ բարձրաձայնելու համար։

--00—ՍՊ