«Գոյ» թատրոնը ոչ միայն չի փակվում, այլև թատրոնի համար ստեղծվում են աննախադեպ բարենպաստ պայմաններ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 22, 24News

ce52fd62-6e72-4b8a-b6b9-a4c07a645086.jpg

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մշակել է մի նախագիծ, ըստ որի՝ «Գոյ» թատրոնի վարչական հատվածը նախատեսվում է կրճատել, իսկ թատրոնի ստեղծագործական կազմը՝ «Գոյ» թատերախումբ անունով, կշարունակի գործունեություն ծավալել Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տանիքի ներքո: Նախարարությունը վստահեցնում է, որ այդ պարագայում «Գոյ»-ը կարող է ընդլայնել իր հնարավորությունները:

Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային փորձարարական կենտրոն «Գոյ» թատրոնի անձնակազմը դեմ է նախագծին և օրեր առաջ դիմել է գործընկերներին, ընկերներին,  հանդիսատեսին՝ նշելով, որ թատրոնն աջակցության կարիք ունի:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանն ասում է՝ ամբողջ խնդիրը գալիս է այն մեծ դեմագոգիայից, որ այսօր հանրային քննարկումներում կա: «Ասվում է, որ «Գոյ» թատրոնը փակվում է, լուծարվում է:  Եթե թատրոն ասելով հասկանում ենք իրավակազմակերպական վիճակը՝ տնօրենը, հաշվապահը, պետական գնումների մասնագետը, իրավաբանը, այսինքն՝ վարչական հատվածը, ապա այո՛, «Գոյ» թատրոնը փակվում է, իսկ եթե, թատրոն ասելով, հասկանում ենք ստեղծագործական ծրագրերը, ստեղծագործական կազմն ու բովանդակությունը, ապա «Գոյ» թատրոնը ոչ միայն չի փակվում, այլև թատրոնի համար ստեղծվում են աննախադեպ բարենպաստ պայմաններ»,-հավաստիացնում է Խզմալյանը:

Ըստ նրա՝ թատրոնն ունի թերացումներ բովանդակային և ֆինանսական հաշվետվությունների մեջ, չունի ռեսուրսներ՝ լուսաձայնային տեխնիկա և այլն, թերանում է հյուրախաղային գործունեության մեջ:  «Ես չեմ ցանկանում՝ մեր և մեր ենթակայությամբ գործող  կառույցի միջև քննարկումները, որոնք անկեղծ մթնոլորտում են անցել,  և կոլեկտիվի բոլոր անդամներն ընդունել են այն ամենը, ինչն ասել եմ, հանրայնացնել, չեմ ուզում՝ մեր զրույցը դառնա հանդիսատեսի քննարկման առարկա, չեմ ուզում վարկաբեկել մեր ենթակայությամբ գործող թատրոնը, բայց… Մենք թատրոնի ներկայացուցիչներին ասում ենք, որ Մայր թատրոնի տանիքի ներքո նրանք  հնարավորություն են ունենում օգտվելու այդ մեծ կառույցի եկամուտներից, ֆինանսական, գույքային ու ստեղծագործական ներուժից»,-շեշտում է փոխնախարարը:

Նրա խոսքով՝ «Գոյ»-ն այսօր ունի մեկ բեմ, սակայն, Մայր թատրոնին միանալով, կունենա Black Box հարթակն անհատույց շահագործելու հնարավորություն, կկարողանա աշխատել թատրոնի մեծ բեմում, կարող է թատրոնի ձմեռային այգում աշխատել: Խզմալյանը հիշեցնում է, որ «Գոյ»-ը փորձարարական թատրոն-լաբորատորիա է և իրավունք չունի կառչած մնալ միևնույն տարածքից, քանի որ նույն տարածքում հնարավոր չէ մշտապես լինել փորձարարական:

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ԶՀ