«Գոյ» թատրոնի դեմ այս քայլն ուղիղ հարված է հայ մշակույթին․ Մանե Թանդիլյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 22, 24News

գոյ

«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել․

ԿԳՄՍ նախարարությունը, որտեղ մշակույթն այս բարդ հապավման ընդամենն աննշան մի տարր կամ զուտ տառ է, լուծարում է երեք տասնամյակից ավելի գործող «Գոյ» թատրոն-լաբորատորիան և միացնում այն Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին։

Այս հերթական «փայլուն» որոշումը վերջ է դնում «Գոյ»-ի գոյությանը՝ անկախ թատրոնի, որն ունի իր առանձնահատուկ ոճն ու ձեռագիրը, հավատարիմ հանդիսատեսն ու պրոֆեսիոնալ և նվիրյալ թատերախումբը։

Ականատես ենք լինում տեխնիկական օպտիմալացման որոշման, որտեղ հերթական անգամ ոտնահարվում է մշակութային կարևոր ժառանգությունը, նվաստացվում են արվեստագետներն ու արտիստները։

Թատրոնի դեմ այս քայլն ուղիղ հարված է հայ մշակույթին, բեմարվեստի բազմաթիվ նվիրյալներին և պարզապես նրանց, ովքեր գիտակցում են, որ առաջադեմ քաղաքակրթությունները ձևավորվում են նաև արվեստի շնորհիվ։

Հայ Թատրոնը պետք է ապրի։

--00—ՍՊ