Արցախում կայացել է ռազմականացված հնգամարտի առաջնության հանրապետական փուլը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News

արցախ

Մարտի 22-ին և 23-ին  Արցախի  հանրակրթական ուսումնական հաստատությունների  նախազորակոչային տարիքի  պատանիների միջև  ռազմականացված հնգամարտի հանրապետական մրցումներ են անցկացվել: Տեղեկանում ենք ԱՀ ԿԳՄՍ մամուլի ծառայությունից։

Ռազմականացված հնգամարտի մրցումների անցկացումն Արցախի Հանրապետության  ԿԳՄՍ նախարարության նախազորակոչային պատրաստության բաժնի ամենամյա ծրագրերից է:  Այն նպատակ ունի  դպրոցականների մեջ հայրենասիրություն ու  ռազմական գործի հանդեպ սեր դաստիարակել, դպրոցականներին նախապատրաստել հայրենիքի պաշտպանությանը, նպաստել ապագա զինվորին անհրաժեշտ  կարողությունների ու հմտությունների ձևավորմանն ու զարգացմանը, ինչպես նաև ՆԶՊ և ֆիզկուլտուրա առարկաների ծրագրերի յուրացմանը:

արցախ

Ռազմականացված հնգամարտի մրցումներն անց են կացվում երկու փուլով՝ շրջանային և հանրապետական: Հանրապետական փուլին մասնակցում են  շրջանների և Ստեփանակերտ քաղաքի հանրակրթական ուսումնական հաստատությունների 7-9-րդ դասարանների նախազորակոչային տարիքի պատանիներից կազմված թիմերը:

Մրցումներն անց են կացվում ռազմականացված կրոսավազք, նռնակի նետում,  100 մետր և 1000 մետր վազք, վերելք շրջումով  մարզաձևերից և ռազմակիրառական վարժություններից։

Թիմերի միջև պայքարում առաջին տեղում Ստեփանակերտի հավաքականն է, երկրորդ մրցանակային տեղը զբաղեցրել է Ասկերանի հավաքականը, իսկ երրորդ տեղում Մարտունու թիմն է:

Անհատական մրցապայքարում առաջին տեղն է զբաղեցրել Արսեն Մարտիրոսյանը (Մարտակերտի հ. 2 հիմնական դպրոց), երկրորդ տեղում Մարատ Հարությունյանն է (Ստեփանակերտի հ.9 հիմնական դպրոց), երրորդ տեղում՝ Կորյուն Փաշայանը (Ստեփանակերտի հ.2 դպրոց):

100 մետր  և 1000 մետր վազք  մարզաձևերում լավագույն մարզիկ է ճանաչվել Ռոբերտ Աղաջանյանը:

Նռնակի նետում մարզաձևում լավագույնը Արսեն Մարտիրոսյանն է, վերելք շրջումով մարզաձևում ՝ Անդրանիկ Գասպարյանը: Մարատ Հարությունյանը՝ գրանցելով բարձր ցուցանիշներ, լավագույնն է ճանաչվել ռազմականացված կրոսավազքում:

Թիմային հաշվարկում մրցանակաին տեղեր գրաված թիմերը պարգևատրվել են Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ու պաշտպանության նախարարությունների համապատասխան կարգի դիպլոմներով, պատվոգրերով, դրամական պարգևներով և արժեքավոր նվերներով:

Անհատական մրցումներում 1-3-րդ տեղեր գրաված մարզիկները և մարզիչները պարգևատրվել են Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ու պաշտպանության նախարարությունների պատվոգրերով, ստացել դրամական պարգևներ:

Խրախուսվել են նաև մրցանակային տեղեր գրաված թիմերի մարզիչները:



--00—ՍՊ