Շախմատի ԵԱ-ի 6-րդ տուրում հաղթանակ են տոնել Մկրտչյանը, Սարգսյանը և Գաբոյանը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 24, 24News

Հայաստանը ներկայացնող շախմատիստները շարունակում են պայքարը Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Չեռնոգորիայի Պետրովաց քաղաքում ընթացող առաջնությունում կայացել են 6-րդ տուրի պարտիաները: Այս անգամ հաղթանակ տոնեցին Մարիամ Մկրտչյանը, Աննա Սարգսյանը և Սուսաննա Գաբոյանը:

Լիլիթ Մկրտչյանը և Էլինա Դանիելյանը խաղում էին իրար դեմ և խաղը ավարտվեց ոչ-ոքի արդյունքով: Լիլիթ Մկրտչյանը, Էլինա Դանիելյանը և Մարիամ Մկրտչյանը 6 հնարավորից վաստակել են 4.5 միավոր: Մրցաշարային աղյուսակի առաջատարը լեհ Օլիվիա Կիոլբասան է, ով ունի 5,5 միավոր:

Շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունն անցկացվում է Չեռնոգորիայում: Այն կեզրափակվի մարտի 29-ին: Առաջնությանը մասնակցում են 34 եվրոպական երկրի 140 շախմատիստներ: Մրցաշարն անցկացվում է շվեյցարական մրցակարգով:  Ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 60.000 եվրո: Առաջին տեղը զբաղեցրած շախմատիստը կստանա 10.000 եվրո:

--00—ԶՀ