Մխիթարյանի ներկայությունը շատ կհեշտացներ մեր գործը, բայց ունենք այն, ինչ ունենք․ Հարոյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 24, 24News

94AB649F-F6A3-460D-A210-3244F7A5942E-750x375.jpeg

ՈՒԵՖԱ Եվրո-2024-ի որակավորման խմբային փուլի Հայաստան-Թուրքիա հանդիպմանն ընդառաջ տեղի ունեցավ մեր ընտրանու գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի մամուլի ասուլիսը, որին մասնակցեց թիմի պաշտպան Վարազդատ Հարոյանը: Այս մասին հայտնում է Armsport.am-ը։

«Շատ լավ վիճակում եմ հոգեբանական տեսանկյունից․ Աստանայի հետ նոր պայմանագիր եմ ստորագրել։ Ֆիզիկապես առավել ևս խնդիրներ չունեմ։ Չնայած փոքր վնասվածքներ ունենք թիմում, բայց թիմն ընդհանուր առմամբ լավ տեսք ունի։

Թուրքիան լավ թիմ է՝ շատ որակյալ ֆուտբոլիստներով, թոփ-լիգաներում խաղացող։ Ուսումնասիրել ենք նրանց, կփորձենք օգտագործել նրանց թույլ կողմերը և փակել ուժեղները։ Բոլորս էլ գիտենք՝ սա ինչ խաղ է մեզ համար։

Շատ ուրախ եմ, որ բոլոր տոմսերը սպառված են, միանշանակ, դա օգնության ձեռք կլինի։

Մեկ շաբաթ է արդեն, ինչ մարզչին ծանոթ ենք։ Որոշ ֆուտբոլիստներ ավելի վաղ են ծանոթացել։ Այս մեկ շաբաթում մեծ աշխատանք է տարվել։ Մեր թիմում բոլորը պրոֆեսիոնալ են, կարծում եմ՝ շատ հեշտ ընտելացել են նրան։

Մխիթարյանի բացակայությունը, իհարկե, բացասական կանդրադառնա թիմի վրա։ Նրա ներկայությունը կհեշտացներ մեր գործը, բայց ունենք այն, ինչ ունենք։ Պետք է պատրաստվենք եղած ֆուտբոլիստներով։ Բայց դա նրա որոշումն է, նա մեր ընկերն է, հարգում ենք նրա որոշումը։

Ռանոսը շատ լավ տպավորություն է թողել։ Շատ լավ որակներ ունի, հուսով եմ՝ հետագայում նա մեզ շատ կօգնի, վստահ եմ։

Իհարկե, մենք այս խմբում ֆավորիտ չենք, բայց մենք ամեն խաղի պատրաստվում ենք՝ ինչպես վերջինին։ Մանավանդ այս խաղը տանն ենք խաղում, մրցաշարը նոր է սկսբում, բոլորս հասկանում ենք Թուրքիայի դեմ խաղի կարևորությունը»,-ասաց Հարոյանը:

Հայաստան-Թուրքիա հանդիպումը կկայանա վաղը՝ մարտի 25-ին «Հանրապետական» մարզադաշտում: Խաղի սկիզբը՝ 21:00-ին:

--00—ԶՀ