Վիգեն Սարգսյանին կալանավորելու որոշումը Վերաքննիչ քրեական դատարանը թողեց անփոփոխ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 27, 24News

նկար

Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի խափանման միջոցի դեմ ներկայացված բողոքը:

Վիգեն Սարգսյանին կալանավորելու վերաբերյալ կայացված դատական ակտը թողնվել է անփոփոխ:

Հիշեցնենք՝ ըստ ներկայացված մեղադրանքի, 2018-ի հունվարին ՊՆ հաշվեկշռում գտնվող, Երևանի Գ. Հասրաթյան փողոցի թիվ 25/6 հասցեի բազմաբնակարան շենքի բնակարանների բաշխման գործընթացում Սարգսյանը դիտավորությամբ կատարել է իր լիազորությունների շրջանակից դուրս գործողություններ:

2018-ի հունվարի 18-ի նիստին ընդառաջ նա նախարարության կենտրոնական բնակարանային հանձնաժողովի անդամներին հանձնարարել է առաջիկա նիստում բնակարաններ հատկացնել բնակարանային հաշվառման մեջ չգտնվող կամ ցուցակներում ավելի ուշ ընդգրկված, իր կողմից նախընտրած 26 զինծառայողների։ Բացի դրանից՝ բնակարաններ են տրվել ՊՆ համակարգի զինծառայող չհանդիսացող երեք անձանց:

2023-ի փետրվարի 8-ին քրգործով ընդգրկված դատախազի կողմից որոշում է կայացվել հանրային քրեական հետապնդում հարուցել ՀՀ ՊՆ նախկին նախարարի նկատմամբ` գործող ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է այլ ծանր հետևանքներ)։

--00—ԼՄ