Նոր ՄԻՊ-ը չպետք է իշխանությունների հովանավորյալը լինի. Էդգար Ղազարյանը՝ իր առաջադրման մասին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 28, 24News

Է

Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնն այնպիսինն է, որ այն զբաղեցնողը պետք է իշխանության հովանավորությունը չվայելի, որպեսզի այդ ինստիտուտը կարողանա ֆունկցիոնալ գործել։ Այս մասին 24News-ին ասաց հասարակական-քաղաքական գործիչ, Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Էդգար Ղազարյանը՝ անդրադառնալով Ազգային ժողովի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների կողմից իր ՀՀ ՄԻՊ պաշտոնին իր թեկնածության առաջադրման հարցին։

«Այս տեսանկյունից կարծում եմ, որ իմ ընտրվելու հավանականությունը 100 տոկոս է»,- ընդգծեց նա։ Ինչ վերաբերում է այս բնագավառում առաջնահերթություններին, ապա ըստ Ղազարյանի՝ առաջնային հարցն Արցախի հետ է կապված․ «Գերագույն խնդիրն Արցախում ապրող մեր հայրենակիցների, ՀՀ քաղաքացու անձնագիր ունեցող մեր հայրենակիցների պաշտպանության հարցն է։ Իմ թեկնածության առաջադրման գաղափարն առաջացել է «Միասին» հասարակական-քաղաքական այլընտրանքային շարժման կողմից, որը ձեւավորվել է Արցախի շուրջ ներկա իրավիճակի քննարկումների արդյունքում»։

«Բացի այդ, մեր երկրում վերջին 4-5 տարիների ընթացքում աղետալի վիճակում են հայտնվել ժողովրդավարական բոլոր ինստիտուտները, հետեւաբար ահռելի աշխատանք կա անելու՝ մեր քաղաքացիների, մեր ժողովրդի իրավունքները պաշտպանելու համար»,- հավելեց արտակարգ և լիազոր դեսպանը։

Ղազարյանը նշեց նաև, որ թե՛ Ազգային ժողովի համապատասխան հանձնաժողովը, թե՛ հետագայում նաեւ ԱԺ յուրաքանչյուր պատգամավոր պետք է հիմնավորում ներկայացնի իր ընտրության համար։ Ինչ վերաբերում է ծրագրերին, ապա գործիչն ասաց, որ հետագա անելիքները կներկայացնի ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում թեկնածության քննարկման ժամանակ։ Դեսպանը նաև շնորհակալություն հայտնեց իր թեկնածությունն առաջադրող խնբակցություններին։ «Եվ պարտավորեցնող է, որ ԱԺ-ի երեք խմբակցություններից երկուսն առաջադրել են իմ թեկնածությունը»,- եզրափակեց նա։

Սերգեյ Առաքելյան

--00—ԱՊ