Ովքե՞ր են հավակնում դառնալ Երևանի քաղաքապետ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 28, 24News

Երևանի ավագանու ընտրությունները տեղի կունենան 2023 թ-ի սեպտեմբեր ամսին, եթե, իհարկե, իշխանությունները չորոշեն գնալ արտահերթի։

նն

2021 թ-ի խորհրդարանական ընտրություններից հետո այն առաջին մեծ ընտրություններն են, որոնք հնարավորություն ունեն դառնալու քաղաքական և չսահմանափակվելու միայն վարչական տրամաբանությամբ։ 24News-ը ամբողջացրել է այն ուժերին ու թեկնածուներին, որոնք այս պահին հայտ են ներկայացրել, կամ առնվազն չեն հերքել իրենց հնարավոր մասնակցության մասին լուրերը։

ա

1. Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն արդեն իսկ հայտարարել է, որ իր քաղաքապետի թեկնածուն նախկին փոխվարչապետ, այժմ էլ Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն է։ Վերջինս կարծես թե սկսել է քարոզարշավը, ակտիվորեն մասնակցում է քաղաքում միջոցառումներին, կտրում կարմիր ժապավեններ, մասնակցում կառավարության նիստերին։

մ

2. Երկրորդ ուժը, որ հայտարարել է իր մասնակցության մասին, «Ապրելու երկիրն է»։ Ըստ ամենայնի, այդ կուսակցության քաղաքապետի թեկնածուն լինելու է Մանե Թանդիլյանը՝ չնայած մամուլում տեղեկություններ էին պտտվում նաև Կենտրոնի նախկին թաղապետ Վիկտոր ՄՆացականյանի թեկնածության մասին։ Կուսակցությանն աջակցում է Արցախի նախկին պետնախարար, գործարար Ռուբեն Վարդանյանը։

վ

3. Հավանականությունը մեծ է, որ առաջիկա քաղաքապետի ընտրություններին մասնակցի նաև «Հայրենիք» կուսակցությունն իր առաջնորդ, ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանի գլխավորությամբ։ Չնայած կուսակցությունը դեռևս պաշտոնապես չի հաստատել Երևանի ավագանու ընտրություններին իր մասնակցության մասին լուրերը, սակայն Վանեցյանի վերջին շրջանի ակտիվությունը հնարավորություն է տալիս նման ենթադրություն անելու համար։

հ

4. Այս պահին իր ծրագրերի մասին չի խոսում ու ոչ էլ ավագանու ընտրություններին մասնակցության հնարավոր ձևաչափի մասով դիրքորոշում է հայտնում  Երևանի նախկին քաղաքապետ, ՔՊ-ի կողմից ժամանակին ընտրված ու հետո էլ մերժված Հայկ Մարությանը՝ Կարգին Հայկոն։ Ըստ որոշ տեղեկությունների, նրա հետ բանակցում են մի քանի ուժեր, այդ թվում և առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած ՀԱԿ-ը, սակայն «Կարգին Հայկոն» դեռևս խուսանավում է հստակ պատասխան տալ այդ առաջարկներին։ Այս պահին վերջինիս պաշտոնավարման տարիների հետ կապված մի քանի քրեական գործեր կան, որոնք էլ, թերևս, պատճառ են, որպեսզի Մարությանը մտածի մասնակցության մասին՝ հնարավոր անախորժություններից խուսափելու համար։

ն

5. Դեռևս Երևանի ավագանու ընտրությունների մասին խոսակցությունից շատ առաջ իր թեկնածության առաջադրման մասին է խոսել նաև «Ուժը Հայրենյաց» կուսակցության ղեկավար Տիգրան Արզաքանցյանի կինը՝ Նատալյա Ռոտենբերգը։ Հաշվի առնելով այն, որ Ռոտենբերգն ու իր ամուսինը պարբերաբար հայտնվում են բավական կոլորիտային իրավիճակներում, նրա մասնակցությունը քարոզարշավի «աղն է» լինելու։

 

Մինչ այս պահը մայրաքաղաքի ընտրություններին մասնակցելու մասին դիրքորոշում չեն հայտնել ՀՀ երկու նախագահների ղեկավարած քաղաքական ուժերը՝ Սերժ Սարգսյանի ՀՀԿ-ն ու Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքը։ Վերջինիս պարագայում պարբերաբար խոսվում է որդու՝ Լևոն Քոչարյանի հնարավոր թեկնածության մասին, սակայն մեր աղբյուրները չեն հաստատում այդ տեղեկատվությունը։

--00—ԱՊ