Այո, Ակադեմիական քաղաքը վերածվելու է իշխող ուժի քաղաքական նպատակների իրականացման վայրի․ փորձագետ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 28, 24News

Ատ

Ամեն ինչ տալ արդեն իսկ իշխանություն ունեցող մարդկանց ձեռքը, որ իրենք որոշումներ կայացնեն, թե ինչպես է լինելու, առնվազն արդար չէ։ Այս մասին 24News-ին ասաց Բարձրագույն կրթության և գիտության կառավարման ոլորտի փորձագետ Ատոմ Մխիթարյանը՝ անդրադառնալով ««Ակադեմիական քաղաք» հիմնադրամ ստեղծելու և հիմնադրամի կանոնադրությունը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծին։

Նախագծի համաձայն՝ հոգաբարձուների խորհրդի կազմը բաղկացած է լինելու ութ անդամից․ բոլորն էլ կառավարությունից, ինչը, ըստ Մխիթարյանի, արդեն իսկ խնդրահարույց է․ «Ո՞ւր է ակադեմիական հանրույթի ներկայացուցիչը․ չէ՞որ կարևոր է, թե ովքեր են այդ նախագիծն իրականացնելու։ Արդյո՞ք այնտեղ գիտնականներ չեն լինելու, այսօրվա դասախոսները չե՞ն լինելու, ուսանողները չե՞ն լինելու: Արդյոք չարժե՞ր Գիտությունների ազգային ակադեմիայից կամ հայտնի առաջատար բուհերից ներկայացուցիչներ ներգրավել այդ խորհրդում։ Սրանք հարցեր են, որոնց պատասխանը դեռ չկա»։ Բացի այդ, Մխիթարյանը նշեց, որ նախագծում կրթությունից գրեթե խոսք չկա․ «Դա մենք ինչի՞ համար ենք անում, անում ենք նրա համար, որ բարձրագույն կրթության որակը բարելավվի, որ բարձրագույն կրթությունը և գիտությունն իրար հետ շաղկապված հանդես գան։ Եվ անունն էլ դա է հուշում՝ ակադեմիական»։

Հարցին՝ արդյոք ապագա Ակադեմիական քաղաքը չի՞ վերածվի իշխող ուժի քաղաքական նպատակների իրականացման վայրի՝ հաշվի առնելով հոգաբարձուների խորհրդի կազմը, Ատոմ Մխիթարյանը պատասխանեց․ «Այո՛, իհա՛րկե, դա ակնհայտ է, ընդորում նրանց լիազորություններն այդքան էլ հայտնի չեն։ Եվ արդյո՞ք մինչեւ 2030 թվականը կկառուցվի, դա էլ մեծ հարց է»։

Բացի այդ, փորձագետի կարծիքով, Ակադեմիական քաղաք կառուցելու կարիք ընդհանրապես չի զգացվում․ «Մեր բուհերի ուսանողների թիվն էապես փոքրացել է, որը նշանակում է՝ ահագին տարածքներ կան, որոնք կարելի է օգտագործել լաբորատորիաների ձեւավորման, գումարը ծախսել կրթության որակի բարձրացման, միջազգային փոխանակությունների կազմակերպման, ընդհանրապես դասախոսների և գիտնականների վարձատրության համար։ Այսկերպ մենք ավելի կարճ ժամանակահատվածում կկարողանանք ավելի լավ արդյունք ունենալ։ Չի կարելի այսպիսի ահռելի մեծ ծախսեր պետական բյուջեից անել։ Ուղղակի աննպատակահարմար է՝ հաշվի առնելով նաև Հայաստանի ներկա գլոբալ-քաղաքական իրավիճակը, սահմանների դրությունը և այլն, որոնք ուղղակի թույլ չեն տալիս դրա մասին մտածել»։

Այսօր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել ««Ակադեմիական քաղաք» հիմնադրամ ստեղծելու և հիմնադրամի կանոնադրությունը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը: Ի թիվս այլնի, պաշտոնական կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ նշված է, որ նախագծի հաստատումից հետո կնշանակվի «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, եռամսյա ժամկետում կձևավորվի հոգաբարձուների խորհրդի կազմ։

Սերգեյ Առաքելյան

--00—ԱՊ