Պաշտպանության նախկին փոխնախարարը կկանչվի հարցաքննության․ «Ժողովուրդ»

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 29, 24News

միրզաբեկյան

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի եւ ՊՆ նախկին պաշտոնյաների քրեական գործով դատարան է կանչվելու ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Ալիկ Միրզաբեկյանը: Նշենք, որ նա 2016 թվականին, Սերժ Սարգսյանի հրամանով, ազատվել էր ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետի պաշտոնից:

Ըստ լուրերի՝ Միրզաբեկյանը, չգիտես՝ ինչու, սպառազինության եւ սննդամթերքի մատակարարման գնումները շուկայականից բարձր գներով է իրականացրել: Նշենք, որ երեկ Հակակոռուպցիոն դատարանում ընթանում էր պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի եւ ՊՆ նախկին պաշտոնյաների գործով դատական նիստը: Դատարան էին հրավիրվել վկաներ, որոնցից մեկը «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն էր։ Ինչպես հայտնի է, ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել էր քրեական գործ՝ ռազմամթերքի ձեռք բերման գործընթացում ենթադրյալ չարաշահումների վերաբերյալ։

Քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել յոթ անձի, այդ թվում՝ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանին, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանին, ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանին, Պատրոն Դավո մականունով հայտնի, զենքի մատակարարմամբ զբաղվող գործարար Դավիթ Գալստյանին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։ 

--00—ՍՊ