Եղեգնաձոր քաղաքի բնակիչը կալանավորվել է. վիճաբանության ժամանակ նա դանակահարել է երկու անձի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 29, 24News

f5e9d87f3974ed_5e9d87f39753f

ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են Եղեգնաձոր քաղաքի 38-ամյա բնակչի կողմից երկու անձի ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի մի շարք հանգամանքներ: Այս մասին տեղեկանում ենք կոմիտեի պաշտոնական էջից։

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2023 թվականի փետրվարի 11-ին՝ ժամը 22.20-ի սահմաններում, Եղեգնաձոր քաղաքի հիշյալ բնակիչը նույն քաղաքի Միկոյան փողոցում գործող խանութ սրահում հանդիպել է  նույն մարզի Գետափ բնակավայրի 32-ամյա բնակչին և նրանց միջև տեղի է ունեցել վիճաբանություն, որը տևել է շուրջ 20 րոպե:

Այնուհետև՝ ժամը 23.20-ի սահմաններում, 38-ամյա տղամարդը, իր տանից, երկու ընկերների հետ՝ նրանցից մեկին պատկանող «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայով, իսկ 32-ամյա տղամարդը, հիշյալ խանութի մոտից, 3 ընկերների հետ՝ «Նիսան» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներով, գնացել են Երևան-Մեղրի միջպետական ավտոճանապարհի 126-րդ կմ հատվածից դեպի աջ թեքվող դաշտամիջյան ճանապարհ, որտեղ 32 և 38-ամյա տղամարդկանց միջև վիճաբանությունը շարունակվել է:

Այդ ընթացքում վերջինս, նախապես իր հետ վերցրած խոհանոցային դանակով դիտավորությամբ մեկ անգամ հարվածել է 32-ամյա տղամարդու որովայնի ձախ հատվածին և վերջինիս ընկերներից մեկի ձախ ազդրի հատվածին՝ նրանց առողջությանը պատճառելով ծանր վնաս։ Ապա նա փորձել է կրկին հարվածել 32-ամյա տղամարդուն, սակայն դանակը դիպել է վերջինիս մատին, որից հետո «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայով դիմել է փախուստի: Ավելի ուշ վերջինս ներկայացել է վարույթն իրականացնող մարմնին։

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա միջնորդություն է ներկայացվել հսկողություն իրականացնող դատախազին՝ 38-ամյա տղամարդու նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (2 դրվագ) հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ, որը բավարարվել է և նրան ներկայացվել է մեղադրանք:

Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

--00—ՅՄ