Ղազարյանի թեկնածությունն առաջադրել են 2 խմբակցությունները՝ համատեղ, իսկ Սերժ Սարգսյանը մեզ չի դիմել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 29, 24News

ֆգ

Մամուլում այսօր տեղեկություն տարածվեց, որ ԱԺ ընդդիմության կողմից Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) պաշտոնում Էդգար Ղազարյանի թեկնածությունն իբր առաջադրել է «Պատիվ ունեմ» խմբակցությունը, և, որ «Հայաստան» դաշինքը ստիպված է միացել այդ առաջարկին:
Ավելին, ըստ այդ հրապարակումների, Էդգար Ղազարյանի թեկնածության առաջադրումը իբրև թե եղել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի մտահղացումը։

168․am-ը կապ է հաստատել Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի հետ, վերջինս զրույցի ընթացքում նշել է, որ դա իրականում երկու խմբակցությունների համատեղ որոշում է եղել.

«Որոշման մասին մանրամասն ներկայացված է 2 խմբակցությունների համատեղ նիստի քաղվածքից՝ կայացված որոշման մեջ, որտեղ մանրամասն նշվել է, թե ինչ հանգամանքներ են հաշվի առնվել: Ագնեսա Խամոյանն էլ է արդեն պարզաբանել այս հարցը, այնպես որ, լրացնելու բան չկա: Արհեստական, ինչ-որ բաներ կփորձեն փնտրել, գտնել, փորփրել, բայց իմաստ չկա:

Դուք հիմք վերրցեք այն որոշումը, որը հրապարակված է, և որտեղ մանրամասն նկարագրված են առաջադրման կամ առաջադրմանը միանալու, ավելի շուտ՝ նախաձեռնություններին ընդառաջելու հիմքերը: Այնտեղ մանրամասն գրված են թե մոտեցումները, թե սկզբունքները»:

Մեր ճշտող հարցին՝ ՄԻՊ թեկնածուին կոնկրետ ո՞ր խմբակցությունն է առաջադրել, թե՞ համատեղ է առաջարկվել Էդգար Ղազարյանի թեկնածությունը, Արծվիկ Մինասյանը պատասխանեց.

«Այդ որոշման մեջ նշված է, որ մեզ են դիմել բազմաթիվ նախաձեռնություններ և առաջադրել են Էդգար Ղազարյանի թեկնածությունը: Մենք կարևորել ենք մի քանի սկզբունքներ, թեև Էդգար Ղազարյանը հայտնի է իր, այդ թվում՝ նաև մեր նկատմամբ ոչ արդար մոտեցումներով, բայց, այնուամենայնիվ, մենք այնտեղ նշել ենք, թե ինչ սկզբունքներ ենք հիմքում դրել՝ միասնականություն, համախորհրդություն, թեկնածուի պատրաստակամությունը, ինքնաառաջադրման գործելոաճը և այլն, հանրապետությունում ստեղծված մարդու իրավուքնների ծանր վիճակի վերաբերյալ բարձրաձայնելու անհրաժեշտությունը»:

Ըստ մամուլի նույն հրապարակումների, Էդգար Ղազարյանի թեկնածությունը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գաղափարն է եղել, ուստի «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանին հարցրեցինք՝ ինչպե՞ս կմեկնաբանեք այդ հայտարարությունը.

«Ես չգիտեմ, թե այդ հայտարարության ակունքները որտեղից են գալիս, ինչպե՞ս պետք է վերաբերվեմ»:

Այսինքն՝ չի՞ համապատասխանում իրականությանը:

«Երրորդ նախագահը մեզ չի դիմել, գոնե խմբակցությանը, կարող եմ հաստատել, որ Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը մեզ չի դիմել: Ես նման տեղեկություն չունեմ»:

Հստակեցնելու համար ևս մեկ անգամ հարց հնչեցնեմ, «Պատիվ ունեմ» խմբակցությո՞ւնն է Էդգար Ղազարյանի թեկնածությունն առաջադրել, թե՞ «Հայաստան» խմբակցության հետ համատեղ.
«Դա մեր համատեղ որոշումն է եղել, հենց այդպես էլ ձևակերպված է՝ համատեղ նիստի արձանագրության քաղվածքում: Մենք այդ որոշման մեջ նաև չափազանց կարևորել ենք համախորհուրդ գործունեությունը, այդ թվում՝ թե խորհրդարանական, թե արտախորհրդարանական գործընկերների հետ: Մեր կողմից բազմիցս առաջարկներ եղել են արժանավոր այլ թեկնածուների, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում հեղինակություն ունեցող անձանց և այլն»:

--00—ԱՊ