Հայաստանն առաջընթաց է գրանցել ժողովրդավարության զարգացման ճանապարհին. վարչապետ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 29, 24News

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ելույթ ունենալով  ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նախաձեռնությամբ առցանց անցկացվող «Հանուն ժողովրդավարության» երկրորդ գագաթնաժողովին, հայտարարել է, որ Հայաստանը, չնայած մարտահրավերներին,  շարունակում է իրականացնել ժողովրդավարական բարեփոխումների օրակարգը։ Այս մասին հայտնում են կառավարության լրատվական ծառայությունից։

«Չնայած համաշխարհային և տարածաշրջանային մարտահրավերներին՝ Հայաստանը հետևողականորեն շարունակում է իրականացնել ժողովրդավարական բարեփոխումների օրակարգը։ Դրա արդյունքում մեր երկիրը բարելավել է իր դիրքերը համաշխարհային տարբեր վարկանիշներում։ Freedom House-ը Հայաստանին դասել է որպես «ազատ» երկիր «Ինտերնետի  ազատության» իր տարեկան զեկույցում: Հայաստանն աննախադեպ առաջընթաց է գրանցել նաև «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության կողմից հրապարակված 2022 թվականի մամուլի ազատության համաշխարհային ինդեքսում՝ բարելավելով իր դիրքերը 12 կետով։ Անցած տարի Հայաստանը 7 կետով բարելավել է իր դիրքերը Economist Intelligence Unit-ի կողմից հրապարակված ժողովրդավարության ինդեքսում», - ասել է նա։

Ըստ Փաշինյանի, Հայաստանի կառավարությունը շարունակում է պայքարել կլիմայի փոփոխության դեմ՝ ցածր արտանետումներով էներգետիկ ոլորտ և կենսունակ կանաչ տնտեսություն կառուցելու համար: «Մենք առաջընթաց ենք գրանցել «Energy Trilemma Index 2021» էներգետիկական միջազգային վարկանիշում՝՝ զբաղեցնելով 53-րդ տեղը 127 երկրների շարքում», - պատմել է կառավարության ղեկավարը։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ՅՄ