Ո՞վ է կազմակերպել Ֆազիլ Մուստաֆայի մահափորձը․ սլաքներն ուղղվել են Իրանի դեմ, ապա՝ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 29, 24News

ֆազիլ

Ադրբեջանագետ, նախկին պատգամավոր Տաթև Հայրապետյանը մանրամասներ է ներկայացրել ադրբեջանցի պատգամավոր Ֆազիլ Մուստաֆայի մահափորձի դեպքից։

«Ներկայացնեմ դեպքի հետ կապված որոշ մանրամասներ: Պատգամավորը ողջ է մնացել, բայց նրա նկատմամբ տեղի ունեցած հարձակումը արագորեն որակվեց որպես «ահաբեկչություն» Ադրբեջանի պատկան մարմինների, ինչպես նաև պատգամավորների և լրատվամիջոցների կողմից: Դեռ մի կողմ թողնենք, որ ոչ քննություն են անցկացրել, ոչ էլ հասկացել՝ ինչ է կատարվել, բայց եզրակացության մեջ բոլոր սլաքները շտապեցին ուղղել, առաջին հերթին, Իրանի դեմ: 

Օրինակ, Ադրբեջանի Մեջլիսի պատգամավոր Թուրալ Գանջալիևը նշել էր. «Ես ամենավճռական ձևով դատապարտում եմ Ֆազիլ Մուստաֆայի դեմ իրականացված ահաբեկչությունը։ Այս ահաբեկչական գործողությունն ուղղված է բոլորիս դեմ։ Մենք բոլորս հարձակման տակ ենք: Նախ, մենք տեսանք հարձակում Թեհրանում մեր դեսպանատան վրա, որի հետևանքով զոհվեց մեր հայրենակիցը։ Հիմա այս դեպքը: Դա անթույլատրելի է ։
Տպավորություն է ստեղծվում, որ Ադրբեջանի թշնամիները մեր դեմ ծրագրում են նոր «Նեմեսիս» ահաբեկչական գործողություն։ Նրանք, ովքեր դա արել են, պետք է իմանան, որ չեն կարողացել մեզ վախեցնել։ Մենք կկանխենք բոլոր հարձակումները և հակահարված կտանք»:  

Մեկ այլ պատգամավոր էլ՝ Ագիլ Աբասը նշել էր, որ, Իրանից բացի, նման քայլ կարող են անեմ ԱՄՆ–ն ու Ֆրանսիան:

«Բացի Իրանից ու Հայաստանից, մեզ չեն սիրում Ֆրանսիան, Ամերիկան ու Ռուսաստանը։ Տեսեք, թե ինչպես են իրենց պահում խաղաղապահները Ղարաբաղում։ Բայց ես չեմ հավատում, որ Ռուսաստանը կանգնած է այդ ահաբեկչության հետևում, իսկ ահա Ամերիկան և Ֆրանսիան կարող են դա անել»: 

Ինձ մոտ տպավորություն է, որ կամ Ադրբեջանը, Իսրայելի հետ համագործակցելով, իրականում շատ վախենում է Իրանից, կամ էլ ուղղակի ամեն առիթ օգտագործելու է Իրանին «ահաբեկչական» պետության պիտակ կպցնելու համար:

Ինչպես երևում է՝ Ադրբեջանում կարիք չունեն գործը քննելու, մեղադրական եզրակացությունն արդեն պատրաստ է, իսկ միգուցե պատգամավորի ոտքին կրակել են խիստ անձնական կամ կենցաղային պատճառներո՞վ, ի վերջո, նա ընդամենը շարքային պատգամավոր է, որը որևէ ազդեցություն չունի որոշումների կայացման վրա և վստահորեն էական ֆիգուր չէ Ադրբեջանի քաղաքական դաշտում»,-գրել է Տաթև Հայրապետյանը:

--00—ԼՄ