Փաստաբան Լևոն Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնատար անձանց կաշառք տալու հոդվածով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 29, 24News

լ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված վարույթի շրջանակներում փաստաբան, միջազգային իրավունքի մասնագետ Լևոն Գևորգյանին մեղադրանք է ներկայացվել, նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը։ Այս մասին 24News-ին ասաց ՀԿ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը։

Գեւորգյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ կաշառք տալը՝ պաշտոնատար անձին կամ նրա մատնանշած անձին անձամբ կամ միջնորդի միջոցով գույք, ներառյալ դրամական միջոց, արժեթուղթ, վճարային այլ գործիք, գույքի նկատմամբ իրավունք, ծառայություն կամ որևէ այլ առավելություն խոստանալը, առաջարկելը կամ տրամադրելը՝ պաշտոնատար անձի իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով կաշառք տվողի կամ նրա մատնանշած անձի օգտին գործողություն կատարելու կամ չկատարելու համար։

Մարտի 22-ին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունը հայտնել էր, որ պարեկային ծառայության աշխատակիցները Հրազդանի կիրճում ստուգում կատարելու նպատակով կանգնեցրել են «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենա, որի վարորդն իր մոտ չի ունեցել վարորդական իրավունքի վկայական, ինչի համար ուղևորը 40.000 դրամ է առաջարկել պարեկային ծառայողներին:

Սերգեյ Առաքելյան

--00—ԱՊ