Ադրբեջանցիներին թողել են հաստատվել Տեղ գյուղը շրջանցող հատվածում, բայց նոր ճանապարհը չեն կառուցել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 30, 24News

ՀՀ իշխանությունը ադրբեջանցիներին ասել է՝ կարող եք գալ ու նստել Տեղ գյուղը շրջանցող հատվածում, այն դեպքում, երբ նոր ճանապարհը դեռ չեն կառուցել: Արդյունքում, եթե Ստեփանակերտ-Գորիս ճանապարհը բացվի էլ, մեր հայրենակիցները դեպի Արցախ երթևեկելու են գրունտային, խայտառակ վատ ճանապարհով, որովհետև Կոռնիձոր-Տեղ հատվածը, որը գարնանը պետք է գործարկվեր, դեռ պատրաստ չէ: Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

«Նույն կերպ վարվեցին 2020-ին, Գորիս-Կապան ճանապարհին թույլ տվեցին, որ ադրբեջանցիները գան, հաստատվեն այդ 20 կմ մասում: ՀՀ պաշտոնյաները վստահեցնում էին, որ Կոռնիձոր-Տեղ հատվածը մինչև գարուն կավարտվի, որը ռազմավարական նշանակություն ունի, ու քանի որ ադրբեջանցիներին նախապես խոստացել են, նրանք ապրիլի մեկից եկել այդ հատվածը տնօրինում են»,-ընդգծեց նա:

Խոսելով ադրբեջանցիների կողմից վեց օր Լիսագոր-Ստեփանակերտ ճանապարհը փակ պահելու խնդրից՝ Մանուկյանը նկատեց, որ դա պատճառ է որոշ իշխանավորների լեզուն ատամների հետևում չպահելու և անզգույշ հայտարարությունների, արդյունքում եզակի դեպքերում օգտագործվող շրջանցիկ ճանապարհը Ադրբեջանի թիրախ դարձավ:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հերմինե Միքայելյան

--00—ԱՊ